«Այո՛, Յուլյա Վլադիմիրովնան իրոք առաջարկեց, նա բերել էր իր մարդկանց ցուցակը «համեղ» տեղերի նշանակման համար». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմության էանցել սեփական շահի նկատառումներով, այլ ոչ թե սկզբունքային դրդապատճառներով: Նոյեմբերի 19-ին այդ մասին պետության ղեկավարը գրել է իր տելեգրամ-ալիքում։
«Մի շատ վաղեմի ուկրաինական ավանդույթ կա: Հինգ տարին մեկ Յուլյա Վլադիմիրովնա Տիմոշենկոն գործող նախագահի նկատմամբ ընդդիմություն է դառնում՝ հոգատարություն նմանակելով ժողովրդի մասին»,- հեգնում է Զելենսկին:
Նա մեկնաբանել է Տիմոշենկոյի հայտարարությունները, որոնք նա նոյեմբերի 18-ին արել է ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ: Իր ելույթում Տիմոշենկոն պատմել է, որ ինքը Զելենսկուն առաջարկել է թեկնածություններ որոշակի պաշտոնների, մասնավորապես, Պետական հացահատիկա-պարենային կորպորացիայի ղեկավարի պաշտոնում նշանակման համար:
Ինչպես պնդում է Զելենսկին, Տիմոշենկոն հասկանալ է տվել, որ մի շարք պաշտոնների իր առաջարկած մարդկանց նշանակումը եղել է այն պայմանը, որի դեպքում նրա կուսակցության խմբակցությունը պատրաստ կլիներ խորհրդարանում քվեարկելու այն օրինագծերի օգտին, որոնք կառաջարկվեին նախագահի եւ նրա «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից:
«Այո՛, Յուլյա Վլադիմիրովնան իրոք առաջարկեց,- շարունակել է Զելենսկին:- Նա բերել էր իր մարդկանց ցուցակը «համեղ» տեղերի նշանակման համար: Իսկ փոխարենը խոստանում էր մեկ տարվա ընթացքում Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառայի» հետ քվեարկել բոլոր օրենքների օգտին: Անշուշտ, մենք մերժեցինք: Չէ որ նախապայմանավորվածությունների դարաշարջանն ընդմիշտ ավարտվել է»:
«Բայց նայեք, այժմ ի՜նչ գեղեցիկ տեսք ունի «ընդդիմությունը»: Այդպիսի՜ դեմք: Իսկ գիտե՞ք, ինչու: Որովհետեւ այժմ պարզապես «համեղ պատառ» չեն տալիս նրան»,- հավելել է Ուկրաինայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: