«ԱԱԾ-ն օրեր առաջ բացահայտել է ֆուտբոլի պայմանավորված խաղերի մի հսկայական սխեմա». Արեն Մկրտչյանը՝ խայտառակ պարտության ու Վանեցյանի հրաժարականի մասին. aravot.am

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ է, մեկնաբանեց ազգային հավաքականի Իտալիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունը՝ 9:1: Լրագրողները. ըստ aravot.am-ի՝ փոխանցեցին, թե երկրպագուները պահանջում են մարզչի, գործկոմի, ՀՖՖ նախագահի հրաժարականը, ինչին ի պատասխան Արեն Մկրտչյանն ասաց.

«Բնականաբար, որեւէ բացատրություն չունի այդ արդյունքը ու որեւէ արդարացում չունի: Ինչ վերաբերում է ֆան ակումբին, դուք երեւի նկատի ունեք այն ակումբը, որի հետ կապված Ֆուտբոլի ֆեդերացիային առանձնապես խոշոր չափերի յուրացումների մասով վնասներ հասցնելու համար քրեական գործ էր հարուցել ԱԱԾ-ում եւ այդ ֆան ակումբի հիմնադիրն այդ գործով անցնում է որպես մեղադրյալ»:

Մկրտչյանն ասաց, որ այն, ինչ կատարվել է ՀՖՖ-ում, մասնավորապես վերջին շրջանում, անընդունելի է իրենց համար ու գործկոմի փակ նիստում իրենք քննարկել են դա:

ԱԱԾ-ն պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներ է արել, որը եղել է վերջին մեկուկես տարում ու որեւէ արձագանք չի եղել, նաեւ յուրացումների հետ կապված բացահայտումներ էր արել ոստիկանության 6-րդ վարչությունը ու որեւէ քայլ չի արվել վերջին մեկուկես տարում:

Դիտարկմանը, որ ի վերջո գործկոմը միաձայն կողմ քվեարկեց մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի օգտին՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Քանի որ խախտվել էին բոլոր հնարավոր եւ անհնար ժամկետները եւ գիտեք, որ ազգային հավաքականը ձեւավորում են մարզիչները՝ կազմ, հայտացուցակ, մենք ունեինք մեկ օր, որպեսզի ազգային հավաքականն ունենա գլխավոր մարզիչ ու լիներ Աբրահամ Խաշմանյանը, թե մեկ այլ թեկնածու, գործկոմը պետք է կողմ քվեարկեր հանուն ազգային հավաքականի, այլապես ազգային հավաքականը չէր ձեւավորվի ու թիմը Հունաստանի եւ Իտալիայի խաղին չէր գնա, կունենայինք երկու տեխնիկական պարտություն՝ 3:0, 3:0»:

Հարցին՝ այս խայտառակ պարտության համար ո՞վ է մեղավոր՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Բնականաբար, թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց մենք ունենք իրավիճակ, երբ Խաշմանյանն ընդամենը երկրորդ խաղն է, ինչ մարզիչն է ազգային հավաքականի, թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է ու պետք է 9:1 պարտությանը տա բացատրություն»:

Հարցին՝ Արթուր Վանեցյանը պե՞տք է հրաժարական տա՝ Մկրտչյանը պատասխանեց, որ առայժմ օրակարգում նման հարց չկա, երբ լինի՝ կտեղեկացնի, բայց գործկոմի անդամները կարծում են, որ պատասխանատուն այս պարտության Արթուր Վանեցյանն է:

Հարցին՝ այն, որ Վանեցյանը այլեւս ձեր թիմի անդամ չէ, նպաստե՞լ է, որ դուք հիմա նման տեսակետ հայտնեք ու նրան մեղադրեք՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ Վանեցյանը երբեւէ իրենց թիմի անդամ չի եղել, ԱԱԾ տնօրեն է եղել:

Դիտարկմանը՝ բա ինչի՞ էիք ոգեւորված Վանեցյանի բացահայտումներով ամբողջ քաղաքական թիմով պարծենում, ֆեյսբուքում «սթորիներ» ստեղծում, իսկ հիմա, երբ այլեւս ԱԱԾ տնօրեն չէ…՝ Արեն Մկրտչյանն արձագանքեց. «Բացահայտումներ անելը պարծենալու բան չէ, ԱԱԾ-ի տնօրենի պարտականությունն է: Մի դեպքում գործ ունենք ԱԱԾ տնօրենի հետ, մի դեպքում՝ ՀՖՖ նախագահի, որը բոլորովին այլ գործառույթ է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս