Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Խտասալիկում տեղ են գտել արևմտաեվրոպական կոմպոզիտորների և Մխիթար աբբահայր Սեբաստացու «Անճառին խորան. Տաղ Աստուածածնայ» ստեղծագործությունը:
Երգիչը շնորհանդեսին կենդանի կատարմամբ կներկայացնի հինգ ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա Աննա Բակունցը (երգեհոն):
«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուս հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որն առաջին անգամ կհնչեցնեմ շնորհանդեսին»,-նշում է Բարրոն:
Սկավառակի՝ հայաստանյան շնորհանդեսի մուտքն ազատ է: Միջոցառմանը սպասվում են նաև անակնկալներ։
Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն, որն օրեր առաջ է թողարկվել Փարիզում, կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի երկրորդ ձայնասկավառակն է և արդեն վաճառվում է ֆրանսիական FNAC հայտնի խանութների ցանցում։ Սկավառակի նախաբանի հեղինակը Ֆրանսիայում շատերին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոն է։