Փախուստի դիմած «Մաուգլի» մականունով դատապարտյալին դեռ չեն գտել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ին, ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի:
Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանի փոխանցմամբ՝ Ա. Սարգսյանը, որը նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (գողություն)։
Ի դեպ, նշենք, որ ըստ Գագիկ Շամշյանի՝ որոնվող Ա. Սարգսյանը կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ, իսկ նրան փնտրելու օպերացիան կրել է «Տարզանը փղիկի վրա որոնում է Մաուգլուն» անվանումը:
«Արտաքին նկարագիրը. հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սև մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սև բլուզ, սև սպորտային հագուստ և հողաթափեր»,- տեղեկացրել է Նավիկյանը:
168.am-ի հետ զրույցում Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակը հայտնեց, որ դատապարտյալին դեռ չեն գտել:
«Ոստիկանության հետ համատեղ իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- նշեց նա:
Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում են զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Անի Կարապետյան