Վրացական ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում
Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում եւ համաձայն չէ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները։ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը նոյեմբերի 18-ին ընդդիմությանն առաջարկել է բողոքի փողոցային ակցիաների փոխարեն քաղաքական բանավեճեր անցկացնել ընտրական համակարգի փոփոխման թեմայի շուրջ:
Բողոքի շարժման ղեկավարները մտադիր են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ:
Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ: Ընդ որում քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլեւ պետական այլ հաստատությունների պիկետումը:
«Ահաբեկումն աշխատում է, բայց մենք, միեւնույն է, շարունակելու ենք բողոքի ակցիաները, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները»,- ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Իր հերթին եվրոպամետների մեկ այլ ղեկավար՝ Գիգա Բոկերան, նշել է, որ երկխոսության ռեուրսն սպառված է: Միեւնույն ժամանակ ընդդիմության առաջնորդները նշում են, որ նոյեմբերի 19-ին կհայտարարեն բողոքի ընդգրկուն ակցիայի անցկացման ամսաթիվը եւ կհրապարակեն ապագայի իրենց պլանները: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ընդդիմությունը խորհրդարանի պատգամավորներից պահանջում է քննարկել համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել է Sputnik-ը: