Բաժիններ՝

«Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում…». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատված է հրապարակել իր «Երկրի հակառակ կողմը» վեպից․

«Հայաստանի բույրերը

Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են՝ աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, և այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր։ Մլլացող խաշամից է թախիծը բուրում։ Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, ուր մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը։ Խաշամը դժվար է այրվում, և որպես կանոն՝ կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ, և թախիծի բույրով ներկում մթնոլորտը։

Ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով։ Հիմա աշուն է, և եթե դուք Հայաստանում եք` երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, և ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով։ Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում։ Թե չէ՝ ո՞վ է խաշամ այրում Երևանի կենտրոնում։ Կամ գուցե խաշամն ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից։

Մլլացող խաշամը թախիծի բույր ունի։ Սա աշնան բույրն է, Հայաստանի աշնան բույրը։

Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ՝ բույրեր։ Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, և փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս՝ կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե դեռ ոչ։ Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով։

Այդ երեքից մեկը մլլացող խաշամի բույրն է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող։ Սա Հայաստանում ապրող մարդկանց, մեր հոգիների բույրն է։ Սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ մելամաղձոտ են։ Ուղղակի այստեղ հոգիները, մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման՝ երկինքը պատելով թախիծի բույրով։ Եւ ծխի հետ տարածվող այդ բույրը ջերմության ու եռանդի է վերածվում՝ միայն երբ բռնկվում է խաշամը։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը։ Հնարավոր չէ մարել այդ կրակը։ Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար։ Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի փոքրիկ քամի։ Իսկ մինչ այդ խաշամը մլլում է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող, և թախիծի տարածվող այդ բույրը վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը։ Եւ այդ կրակի բորբոքումն է, որ մթնոլորտը մաքրում է թախիծի բույրից…

Դա, ուրեմն, Հայաստանի առաջին բույրն է` մլլացող խաշամի բույրը։

Հաջորդը խորովածի բույրն է, որ դարձյալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում` բնակելի թե անմարդաբնակ։ Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները։

Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այսպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը։ Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ…

Հաջորդը, ամենանուրբն ու սիրելին` լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը։ Սա Հայաստանի կանանց բույրն է. արբունքի ու կանացիության, մայրության ու կանացի սիրո բոլոր դրսևորումների բույրը։ Այսպես բուրում են մեր մայրերը` մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք։ Այսպես բուրում են նաև մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար։

Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես…

«Երկրի հակառակ կողմը» վեպից»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս