Կարևորը քաղաքական միավորներ հավաքելն է. հանցագործ տարրերը անցնում են գործի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում: Խոսքը հատկապես վերաբերում է ծանր հանցագործություններին, որոնց թիվն աճել է 30 տոկոսով: Այս տարվա առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։

Ինչ վերաբերում է ընդհանուր հանցագործությունների վիճակագրությանը, ապա վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2019թ. հունվարսեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։

Ուշագրավ է նաեւ այն, որ հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։

Աճ է գրանցվել նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունների գծով։

Իշխանափոխությունից հետո հանրության մոտ կար այն մտայնությունը, թե պետք է տեղի ունենա հանցագործությունների նվազում, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում հակառակ գործընթացը:

Հանցագործությունների աճը պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ:

Անցած տարի տեղի ունեցած համաներման արդյունքում մեծ թվով դատապարտյալներ, այդ թվում՝ ծանր հանցագործություն կատարած անձինք, հայտնվեցին ազատության մեջ:

Կառավարման ղեկը ստանձնելուց հետո նմանատիպ խոշոր համաներման միջոցով իշխանությունները նպատակ էին հետապնդում հասարակության ներսում իրենց համար դրական իմիջ ձեւավորել, սակայն համաներման գործընթացը թանկ նստեց հասարակության համար, քանի որ ազատվածների զգալի մասը ուղղվելու փոխարեն փաստացի շարունակեց «հին գործը»:

Երկրում հանցագործությունների կանխմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը իջավ ցածր մակարդակի, քանի որ իշխանություններին այլ հարցեր էին հետաքրքրում.

կոռուպցիայի դեմ պայքարի եւ աղմկահարույց որոշ գործերի բացահայտման աստառի ներքո նրանք զբաղված էին աղմկահարույց ձերբակալությունների կազմակերպման, քաղաքական շոու ապահովելու, տարբեր մարդկանց ասֆալտին փռելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու եւ հասարակության շրջանում իրենց իմիջը փրկելու գործով, որն արդեն իսկ որոշ քաղաքագետներ որակել են «սիզիփոսյան աշխատանք» հայտնի ձեւակերպմամբ:

Փոխանակ անվտանգային համակարգի ողջ ռեսուրսները դրվեին արտաքին եւ ներքին սպառնալիքների չեզոքացմանը, ներդրվում էին քրեական գործերի հարուցման, շոուների իրականացման մեջ, իսկ հետո պարզվում էր, որ այդ գործերից շատերը հիմնավորված չեն:

Օգտվելով այս իրավիճակից՝ հանցագործ տարրերը անցնում են գործի, եւ զարմանալի չէ, որ այս օրերին շատ ենք լսում գողությունների եւ սպանությունների մասին:

Եվ բանը հասել է նրան, որ չկա անվտանգության զգացողությունը. մարդիկ անհանգստացած են, որ ամեն պահի յուրաքանչյուր ոք կարող է դառնալ հանցագործության թիրախ:

Բացի այդ էլ բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել անցած տարի Փաշինյանի գլխավորած շարժմանը եւ հանրահավաքներին, մտածում են, թե իրենք էլ օգուտներ պետք է ունենան, բա էլ ինչի՞ համար են հեղափոխություն արել:

Ուստի այս մտայնությունը պատճառ դարձավ, որ շատերը սկսեցին մտածել, որ կարող են անպատիժ գործունեություն ծավալել:

Այս օրերին իշխանության կողմից շատ է պրոպագանդվում իրենց կողմից առաջ քաշված քրեական մշակույթը քրեորեն պատժելու նախաձեռնությունը, սակայն անդրադարձ չի կատարվում այն հարցին, թե արդոք միայն այդ նախաձեռնությունը բավարար է հանցագործությունների թիվը նվազեցնելու համար:

Հանցագործությունների թվի նվազեցմանը հասնելու համար պետք է համընդհանուր մոտեցում, որի արդյունքում ոչ միայն հանցագործությունների կանխման եւ նախականխման մեխանիզմները կթարմացվեն, այլեւ պետական քարոզչության մեջ հատուկ ուշադրություն կդարձվի օրինապահ քաղաքացիների ձեւավորման հարցին եւ մատաղ սերնդի դաստիարակությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս