Իզաբել Յուպերը կինեմատոգրաֆում ավանդի համար մրցանակ կստանա Հնդկաստանի փառատոնում
Ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը մասնագիտական գործունեության մեջ նշանակալի ձեռքբերումների համար մրցանակ կստանա Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում, որը նոյեմբերի 20-ից մինչեւ 28-ը կանցկացվի Գոայում: Այդ մասին հայտնել է THR-ը:
Նա նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում, ստացել է մեծ թվով կինոմրցանակներ, ներառյալ Կաննի կինոփառատոնի «լավագույն դերասանուհու» երկու մրցանակը («Վիոլետա Նիզիեր» (1978 թ.) եւ «Դաշնակահարուհին» (2001 թ.) ֆիլմերի համար): «Նա» (2016 թ.) կինոնկարի համար անվանակարգվել էր «Օսկար»-ի:
Նշանակալի ձեռքբերումների համար մրցանակի դափնեկիրը Հնդկաստանի կինոփառատոնում կստանա նաեւ 14 հազար դոլար: Դերասանուհին համաժողովում կանցկացնի նաեւ Actor’s Connect վարպետաց դասերը:
Ընդամենը ստուգատեսի ընթացքում կցուցադրվի 76 երկրի 200 ֆիլմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: