Բաժիններ՝

Արզուման Հարությունյան. Զարմանում եմ, որ պետությունը չի կիրառում զենքը

Հայաստանում սոցիալական գովազդը բավականին ցածր հիմքերի վրա է դրված ու ոչինչ էլ չի արվում դրա զարգացումն ապահովելու համար: Ըստ Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանի՝ հիմնական խնդիրն այն է, որ սոցիալական խնդիրների հանդեպ վերաբերմունքը բավականաչափ դուրս է մնացել ինչպես պետության, այնպես էլ հասարակության հայացքից: Հաշմանդամների հիմնախնդիրներին կամ այլ սոցիալական խնդրի Հայաստանում սոցիալական գովազդի տեսքով գրեթե անդրադարձ չի լինում: Եթե լինում էլ է, ապա առիթից առիթ, ասենք ընտրություններից առաջ հայտնվում է սոցիալական գովազդ՝ ինչպես անել, որ հաշմանդամները կարողանան հասնել ընտրական տարածքներ:

Շատերն այն կարծիքին են, թե խախտվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքը, մինչդեռ ըստ Ա. Հարությունյանի` օրենքը ոչ թե խախտվում է, այլ բավականին թերի է:

1996թ. առաջին անգամ Հայաստանում ընդունվեց «Գովազդի մասին» օրենք, որում նշվեց, թե ինչ է սոցիալական գովազդը: «Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական գովազդը Հայաստանում պետք է տարածվի անվճար և լինի առաջնային: Այն հավասարեցված է առևտրային գովազդին: Չկա հստակ սահմանումը, չկան մեխանիզմներ, թե ով է որոշելու, որ տվյալ գովազդը սոցիալական է, ինչպես են տեղի ունենալու դրա վերահսկման մեխանիզմները»,- օրենքի բացերը նշեց Ա. Հարությունյանը:

Ըստ նրա` սոցիալական գովազդը եթեր դուրս գալու հնարավորություն չունի: «Տարածված մոդելներից մեկն այն է, որ պետությունն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը` և՛ արտադրությունը, և՛ հեռարձակումը: Հետխորհրդային պետություններում միջազգային կառույցների ուժերով պատրաստվում են հոլովակներ, իսկ օրենքի ուժով տարածումը դրվում է ԶԼՄ-ների վրա` անվճար: Հայաստանում երբ գալիս է անվճարի պահը, առաջ գնալը դժվարանում է»:

Կարդացեք նաև

«Արևմտյան երկրներում սոցիալական գովազդը զենք է համարվում: Զարմանում եմ, որ այդ զենքը մեր պետությունը չի կիրառում»,- նշեց ասոցիացիայի նախագահը, նշելով, որ սոցիալական գովազդի միակ զարգացումն այն կլինի, որ Հայաստանը որդեգրի արևմտյան պետությունների մոդելը. պետությունն իր վրա վերցնի և՛ պատրաստման, և՛ տարածման ամբողջ ֆինանսավորումը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս