Սարկիսովն ազատվել է պաշտոնից. Ուկրաինայի ոստիկանությունը նրան է որոնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը դեռեւս ապրիլին տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է աշխատանքից:

Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Սարկիսովը, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին:

Մյուս կողմից՝ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից եւ այլեւս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան»:

Սակայն ԱԳ նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, հերքել էր այս տեղեկությունը:

Իսկ վերոնշյալ գրության մասով նշել էին, թե «Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը գրավոր հարցում չի արել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի գտնվելու վայրի մասին։

Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչն առանց հանդիպման նշանակման Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելության ժամանակ հայտնել է, որ ցանկանում է տեսնել գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին, ինչին ի պատասխան փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը տեղեկացրել է, որ այդ պահին Ն. Սարկիսովը տեղում չէ, եւ չի կարող հայտնել, թե երբ վերջինս կվերադառնա»:

Եվ ահա, օրերս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրվել է Սարկիսովի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիրը, ուր որպես պաշտոնը դադարեցնելու ամսաթիվ նշված է 2019 թվականի հոկտեմբերի 10-ը:

Թե որքանով է այս պաշտոնանկությունը կապված վերը նշված պատճառների հետ, դեռեւս հայտնի չէ: ՀՀ ԱԳ նախարարությունից երեկ «Փաստի» հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Սարկիսովն այլեւս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս