Հափշտակվել է 515 միլիոն դրամ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության դեպք։
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱՄԷ մի քաղաքացի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով 2016 թվականին Հայաստանում հիմնադրել է մի ՍՊ ընկերություն։ Նա տնօրեն է նշանակել իր ծանոթ, հայաստանաբնակ մի անձի և ընկերության գործունեության հողատարածքներ ձեռք բերելու և մշակելու նպատակով կատարել շուրջ 7․000․000 դոլարի ներդրում։
Մինչդեռ ՍՊ ընկերության տնօրենը նշված գործարքների շրջանակներում, ի թիվս այլ չարաշահումների, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ հաշվապահական փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով ընկերության դրամարկղից դրամական միջոցների մաս-մաս ելքագրումներ կատարելով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 515 միլիոն դրամ։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Հետաքննության ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով գնվել են բազմաթիվ անշարժ գույքեր, որոնց ապօրինի օտարումը կանխվել է։