ՆԱՏՕ-ն AWACS ինքնաթիռները կփոխարինի արհեստական ինտելեկտով հանդերձված մեքենաներով
ՆԱՏՕ-ի AWACS հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռները պլանավորվում է փոխարինել առաջիկա 15 տարվա ընթացքում. այդ առաջադրանքների կատարման համար օգտագործվելու են նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտը: Այդ մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռների նավատորմը մեր աչքերն էին երկնքում՝ օդային գործողությունները պաշտպանելով տասնամյակների ընթացքում՝ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի երկնքի հսկումից մինչեւ մեր գործողություններն Աֆղանստանում եւ ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի շրջանակներում»,-ասել է Ստոլտենբերգը՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով արդյունաբերական համաժողովում:
Ելույթը տարածել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Մենք դրա փոխարինումը պլանավորում ենք 2035 թվականին: Այն ներառելու է բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնց մասին մենք խոսում ենք այսօր, ինչպես, օրինակ՝ ինքնավար համակարգերը, արհեստական ինտելեկտը եւ մեծաքանակ տվյալները»,-ասել է նա: AWACS համակարգի կիրառմամբ օդային տարածության հսկման դաշնակցային ծրագիրը գործում է 1982 թվականից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: