«Կոռուպցիայի դեմ պայքարելը հայտարարություններով չի, ասֆալտին փռելով չի». Վազգեն Մանուկյան
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը այսօր համաժողով է կազմակերպել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի փակուղի մտնելու հանգամանքը, հանրության պառակտումն ու Սահմանադրական դատարանի ու դատաիրավական համակարգի դեմ եղած ճնշումները:
Ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը, մինչև օրակարգի հարցերին անդրադառնալը, նշեց, որ ակումբը դեռ կազմավորվում է, դեռ չկան ակումբի անդամներ ու իրենց շարքերը համալրվում են մտահոգ անհատներով:
Մանուկյանը օրակարգին անդրադարձավ պատմական շրջայցով, հիշեցրեց 1965 թվականից հայ ժողովրդի առջև ծագած խնդիրների մասին ու փաստեց.
«1995-1996 թվականների ընտրությունները մեծ շեղում էին, ու դրանից հետո ժողովրդի մոտ բոցկլտում էր այն միտքը, որ այս պետությունը մերը չի»:
Մանուկյանը չի ժխտում, որ կոռուպցիան այսօր գուցե ավելի նվազ է, քանի տարիներ առաջ էր, բայց.
«Կոռուպցիայի դեմ պայքարելը հայտարարություններով չի, ասֆալտին փռելով չի: Կոռուպցիայի դեմ պայքարն օրենքներով պետք է արվի: Անընդհատ հետ գնալով՝ ոչ մի բանի չենք հասնի»:
«Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին»՝ Մանուկյանը հստակ գիտի՝ ո՛չ:
Ասում է՝ պետությունը հիմա միանձնյա է, մեկն է որոշում բոլոր հարցերը:
«Մեզ պետք է իսկական ժողովրդավարական պետություն, որտեղ միանձնյա իշխանություն չի լինի: Այս խաղն ապագա չունի»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ եթե փորձի ավելի ծայրահեղացնել վիճակը ու խոսել մաթեմատիկոսի լեզվով, պիտի ասի, որ այն, ինչ տեղի է ունենում «անմակարդակ, ոչ ազգային բռնատիրություն է: Կստացվի՞, իհարկե, ոչ»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, ակումբի նախագահն ասաց.
«Մենք և Ղարաբաղի ժողովուրդը պետք է իմանանք, թե ինչ ենք ուզում: Ու մենք դա գիտենք: Մեզ պետք է համախմբվել և ոչ թե համախմբվել անձի կամ քաղաքական ուժի շուրջ կամ որևէ անձի կամ քաղաքական ուժի դեմ, այլ մեզ պետք է համախմբվել որոշակի գաղափարական հենքի վրա: Ես վստահ եմ, որ այդ գաղափարները նույնն են բոլոր կուսակցությունների համար», ու հավելեց, որ հայերս իսկապես համաշխարհային ազգ ենք ու չպիտի ընկրկենք:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ