Բաժիններ՝

Ղամիշլիում վերջին հրաժեշտն են տվել սպանված Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետին ու նրա հորը

Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է «Արևելք» լրատվականը:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի Սուրբ Հովսեփ առաջնորդանիստ եկեղեցում: Կրոնական արարողությունը գլխավորել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանը, արարողությանը ներկա են գտնվել Ղամիշլիի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ Տեր Լևոն աբեղա Եղիայանը և քույր համայնքների կրոնական առաջնորդներ:
Հարյուրավոր սգավորների ներկայությամբ տեղի ունեցած կրոնական արարողության ընթացքում հայր Անդրանիկ ծայրագույն վարդապետը զոհված քահանային համարել է համայն քրիստոնեության և սիրիական հայրենիքի նահատակ:

Ահաբեկչության զոհ դարձած Տեր Հովսեփ քահանայի մարմինն, ավանդույթի համաձայն, թաղվել է եկեղեցու խորանի ներքևում գտնվող հատուկ դարակի մեջ, իսկ նրա հոր մարմինը հողին է հանձնվել Ղամիշլիի գերեզմանատանը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ղամիշլիում սպանված Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը ունի մեկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրությունն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Հայաստանի Արևիկ համայնքում: 2014-ից ծառայում էր Գամիշլիում, որտեղ և ապրում էր ընտանիքով:

Հիմնել է Գամիշլիի Սուրբ Հովսեփի երիտասարդական միությունը, կազմակերպում էր նաև տեղում գործող այլ միությունների՝ Սրբուհի Ռիտայի, Սրբուհի Թերեզայի միությունների աշխատանքը: «Տ. Հովսեփը մի քանի ամիս ծառայել է նաև Հայաստանի կաթողիկե համայնքներում, 2017-2018թթ. մասնակցել է Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցող Երիտասարդական համայնքային օրերին: Սիրում էր աշխատել երեխաների և երիտասարդների հետ և իր կենսուրախ, աշխույժ բնավորությամբ սիրելի էր բոլորի համար»,-նշված է պաշտոնական կայքում:

2019թ. նոյեմբերի 11-ի առավոտյան ահաբեկիչների ձեռքով սպանվել է Սիրիայի Գամիշլի բնակավայրի հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը: Տ. Հովսեփը սպանվել է Հասաքիե-Դեր Զոր ճանապարհին, ըստ երևույթին, ահաբեկիչների կողմից արձակված կրակոցներից: Տեր Հոր մեքենայում եղել են նաև նրա հայրը և Ֆադի Սանո Սարկավագը:

Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ սարկավագը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Հայտնի է, որ Տ. Հովսեփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Զուգադիպությամբ, ողբերգական դեպքը պատահել է Շիդդադե կոչվող մի վայրում, որտեղ տեղի ունեցել 1915-ի հայկական ցեղասպանության վերջին կոտորածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս