«Օրսիսի» գործը ՔԿ-ից փոխանցվել է ՀՔԾ-ին

«Օրսիս Արմս»-ի գործը ՀՀ քննչական կոմիտեից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին 168.am-ին  տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ այն արդեն վարույթ է ընդունվել, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործը ՀՔԾ-ին է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քր. դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով:

«Մեկ այլ նախաքննական մարմին գործը կարող է փոխանցվել, եթե բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Օրսիսի» փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը  լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է գործի քննությունը ձգձգվում, երբ դեռ այն ՔԿ-ում էր:

«Հարցն այն է, որ երբեմն իմ գրած ցուցմունքների բովանդակությունը քաղաքից գալիս-հասնում է ինձ, դա մտահոգիչ է։ Այսօր եմ խոսել ռուսական կողմի իմ գործընկերոջ հետ։ Նա ինձ ասում է, որ ինքը քննիչի մոտ որոշակի փաստեր է բերել, սակայն այդ փաստերը լսել է բոլորովին այլ տեղից, նա հարցնում էր, թե որտեղից կարող է լինել այդ արտահոսքը, եթե այդ փաստերի մասին գիտեինք ես, նա և քննիչը»,- նշել էր  Սիրունյանը։

168.am-ի հետ զրույցում  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը շեշտել  էր, որ գործի շրջանակում անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են՝ պարզելու բոլոր հանգամանքները:

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի ձգձգման մասին որևէ խոսք լինել չի կարող, որովհետև ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում, ես բացառում եմ նման բան:  Ինչ վերաբերում է արտահոսք ապահովելուն, ապա  ՔԿ-ի որևէ ստորաբաժանման կամ քննիչի կողմից քրեական գործին վերաբերող նյութերի հրապարակայնացում չի լինում»,- ընդգծել էր  Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որի հաղթող է ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։

Մրցույթը հաղթելուց հետո, սակայն, կարճ ժամանակ անց ՀՀ Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկվել է, նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընկերությանը «սև ցուցակում» ընդգրկելու համար, իսկ ORSIS ընկերությունից էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս