«Այսօրվա իշխանություններն ալերգիա ունեն այն ամենի հանդեպ, ինչն ազգային է». Լիլիթ Գալստյան
«Ներկա իշխանությունը ցույց է տալիս իր ռեպրեսիվ վարքագիծը և ամեն անգամ փորձում է իրեն ոչ հաճո քաղաքական ուժին, անհատին լռեցնել՝ ռեպրեսիվ մեթոդների դիմելով: Եվ շատ ավելի վատ Կրթության նախարարության համար, որովհետև եթե ունեին նախորդների անօրինական գործունեությունների վերաբերյալ փաստեր, ինչո՞ւ են դրանք կոծկել: Կոծկելը նույնպես քրեորեն պատժելի է: Բայց այս ամենը նույնպես գործող քաղաքական ուժի ռեպրեսիվ գործիքակազմի մի մասն է»,- անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե քրեական գործեր, թերացումներ կան դաշնակցական նախկին նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված, բայց իրենք դրանց մասին չեն խոսել, սակայն հիմա կխոսեն, քանի որ ՀՅԴ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
Գալստյանը վստահ է, որ ոչ մի քրեական գործ չկա, ու նման արտահայտություն Հարությունյանն արել է՝ փորձելով լռեցնել դաշնակցականներին:
«Նոր իշխանությունների քայլերին հետևելիս տեսնում ես, որ սա արժեհամակարգային պայքար է: Տպավորություն ունեմ, որ այսօր իշխանություններն ալերգիա ունեն այն ամենի հանդեպ, ինչն ազգային է: Ցանկացած մարդ, ով ցանկություն ունի, այս խճանկարը միացնելիս՝ կտեսնի մի պատկեր, որ այն ամենը, ինչ ազգային է, այն ամենը, որ պիտի սնուցի մեր ինքնությունը, այն ամենը, որ պիտի ամրացնի մեր ոգին, այս իշխանությունները դիտավորյալ կամ ծրագրավորված քաղաքանությամբ նսեմացնում են»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը՝ հավելելով, որ նման եզրահանգման է հասել՝ վերլուծելով իշխանությունների 1.5 տարվա գործունեությունը:
Գալստյանի մոտ տպավորություն է, թե այս իշխանությունները պատերազմ են հայտարարել այն ամենի դեմ, ինչն ազգային արմատներ ունի:
«Մի մեծ ոլորտի պատասխանատվություն է ստանձնել մի գործիչ, որի քաղաքական կենսագրությունը, բացի 1.5 տարիների քայլած լինելուց, ուրիշ ոչ մի բովանդակությամբ հայտնի չէ: Ես կմտածեի, որ սա ձախողված կադրի ձախողված քաղաքականություն է, եթե մի քանի օր առաջ մեր երկրի վարչապետը չասեր, որ դա իր տեսակետն ու իր մոտեցումն է»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ վստահեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ապացուցում է, որ ամեն բան ավելի վտանգավոր է, քան կարելի է ենթադրել: Փաշինյանի այս հայտարարությունը հիմք է տվել Լիլիթ Գալստյանին մտածել, որ Արայիկ Հարությունյանն իրականացնում է վարչապետի և իր քաղաքական թիմի արժեքային արշավանքը, որը պատերազմն է ազգայինի դեմ:
Այդուհանդերձ, Գալստյանը կարծում է, որ այսօր ՀՅԴ ՀԵՄ անդամների, «Կամք» հասարակական նախաձեռնության ու ուսանողների իրականացրած բողոքի ակցիան ապացուցում է, որ մեր հասարակությունն արթնացել է թմբիրից ու հասկացել է, որ հրաշալի ծրագրով իշխանության եկած մարդիկ այսօր արշավանք են հայտարարել պետականության դեմ:
«Մեր հասարակությունը պիտի հասկանա, որ իր անունը շահարկող մեծամասնությունն իր քայլերով չի իրականացնում այնպիսի գործողություններ, որոնք բխում են հայ ժողովրդի հավաքական շահերից»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Իշխանությունների քայլերի մասին խոսելիս Գալստյանը հիշեցրեց զարգացած ու հզոր պետությունների մասի՝, փաստելով, որ շահում են այն պետությունները, ովքեր ունեն ազգայինի գիտակցում, ովքեր սնում են այն ծառը, որտեղից սկիզբ են առել:
«Մի ժողովուրդ, մի պետություն, որն ունի Արցախյան չլուծված հակամարտություն, այդ երկրի քաղաքական մեծամասնությունը բարոյական իրավունք չունի տանելու սևերի ու սպիտակների, ջլատման, պառակտման քաղաքականություն»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ, ցավոք, այսօրվա իշխանությունները հասարակությունը տանում են հենց ջլատման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ՀՅԴ ՀԵՄ անդամները շարունակում են նստացույցը Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության դիմաց: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույցը սկսել էին նոյեմբերի 7-ին, անգամ մեկ գիշեր հերթապահել էին նախարարության շենքի դիմաց:
Այսօր երիտասարդներին միացել է նաև Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը և ուսանողներ՝ ինչպես Երևանի պետական համալսարանից, այնպես էլ՝ Բժշկական և Տնտեսագիտական համալսարաններից:
Ակցիայի մասնակիցները վստահ են, որ կկարողանան կաթվածահար անել նախարարության աշխատանքը ու հասնել Արայիկ Հարությունյանի հրաժարականին:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



