«Մանվել Գրիգորյանի ընտանիքի, հերթական հնարովի քրեական գործի միջոցով հերթական շոուն են ցույց տալիս». Փաստաբանները՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված նոր քրեական գործի մասին

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն իր վստահորդի դեմ հարուցված քրեական գործը շինծու է համարում: Ըստ հարուցված քրեական գործի՝ Նազիկ Ամիրյանը խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ ավելի քան 571 մլն դրամ արժողությամբ պետական գույքը` փաստացի անտեսելով գործարանի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերերի իրավունքները: Գործարանի կանոնադրական կապիտալը 2001թ. դրությամբ Կառավարության կողմից գնահատված է եղել 717 մլն դրամ, Նազիկ Ամիրյանին պատկանել է գործարանի 80 տոկոսը՝ 574 մլն արժողությամբ:

«Թեպետ կանոնադրական կապիտալը եղել է 7-8 հարյուր միլիոն դրամի չափով, բայց գործարանը վաճառքի պահին եղել է թալանված վիճակում: Դա հանրահայտ փաստ է, ցանկացած լիազոր մարմին, ցանկության դեպքում, եթե մի փոքր աշխատի, կտեսնի, որ դա այդպես է: Երբ մեր վստահորդը գնել է գործարանը, այն եղել է պարտքերի մեջ թաղված վիճակում, նա վերցրել է պարտավորություն, որ պայմանագրով երևացող պարտքերի պարտավորությունը կատարի և ներդրումներ կատարի:
Գործարանը գնելուց անմիջապես հետո տարբեր տեղերից հայտնվում են պարտատերեր՝ սկսած աշխատողներից, որը չի երևացել պայմանագրի մեջ, վերջացրած այլ պարտատերերով»,- ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նազիկ Ամիրյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը պնդում է՝ անգամ պարզ հաշվարկների պարագայում կարելի է փաստել, որ Նազիկ Ամիրյանը չէր կարող 571 մլն դրամի հափշտակություն կատարել: Ըստ նրա՝ թիվը հրապարակելիս հաշվի չեն առել Նազիկ Ամիրյանի կատարած ներդրումները:

«Չեն հաշվում 140 մլն-ը, որը Նազիկ Ամիրյանը վճարել է գործարանը գնելու համար, չեն հաշվում 180 մլն ներդրումը գործարանի աշխատանքի համար: Բացի այդ, գործարանի կանոնադրական կապիտալի մեջ մեծ արժեք ունի մի գույք, որը 1992-ին ներմուծվել է Հայաստան, և մինչ օրս, մեր տեղեկությամբ, գտնվում է գործարանում, բայց մեկ րոպե անգամ չի աշխատել, քանի որ ի սկզբանե վնասված է եղել, բալանսում նստած է եղել, բայց չի օգտագործվել»,- ասաց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Նազիկ Ամիրյանը իր նշանակած տնօրենի միջոցով դիտավորյալ չի կատարել հարկային պարտավորությունները, ինչի հետևանքով 2003թ.-ին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Իսկ սնանկության գործընթացում սնանկության գործով կառավարիչը գործարանի ամբողջ գույքը գնահատել է ընդամենը 121.3 մլն դրամ և կազմել ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն։ Այդ ընթացքում գործարանի սեփականատեր Նազիկ Ամիրյանը նոր ընկերություն է հիմնել, որը մասնակցել է 2004թ.-ին լուծարային կառավարչի կողմից կազմակերպված ձևական աճուրդին ու եղել աճուրդի միակ մասնակիցը։ Արդյունքում՝ «Հայբյուրեղապակի» ԲԲԸ («Հայապակի» ՓԲԸ-ն այս անունն է ստացել Նազիկ Ամիրյանի՝ այն գնելուց հետո) նորաստեղծ ընկերությունը ձեռք է բերել 121.3մլն դրամով։

«Ոչ ոք չի ասում, որ այդ չվճարված հարկերն ու աշխատավարձերը Նազիկ ամիրյանը չի ավելացրել, դա հենց այդպես վաճառվել են իրեն, բայց դրանք մարվել են: Ճիշտ է, ոչ ամբողջությամբ, քանի որ հարկերը ամբողջությամբ վճարել չէր կարող, դրանք տարիներով կուտակված են եղել, շատ-շատ են եղել»,- ասաց Գուրգեն Գրիգորյանը:

«Մեր վստահորդը, որ կարողանա հնարավորինս պահել գործարանը, երբ սկսել են մասնատել ու վաճառել, օրենքով սահմանված կարգով բացել է ընկերություն, և այն մասը, որը վաճառելու էին երրորդ անձի, ինքն է գնել: Կրկին ցանկացել է ներդրումներ կատարել, դիմել է ամեն տեղ, չեն օգնել: Դրանից հետո էլ պետությունը հիմնարկությունը տարել է սնանկացման, արդյունքում՝ գործարանը վաճառել է երրորդ անձի, որը Նազիկ Ամիրյանի հետ կապ չունի, Ամիրյանը կապ չունի նաև վաճառքի գործընթացի հետ: Անցել է 15 տարի, որոշել են, որ սնանկությունը կեղծ է եղել, պետական լիազոր մարմինը, ըստ երևույթին, գործարքի է գնացել, և փորձում են մեր վստահորդին մեղադրել մի բանի մեջ, որի մեջ ինքը չկա: Այսինքն՝ կար թալանված գործարան, ասում են՝ դե գիտե՞ս, կանոնադրական կապիտալը մի քանի անգամ ավելի բարձր է եղել, դրա համար պետք էր ավելի բարձր գնով վաճառել, սա է այսօրվա իրավիճակը: Հերթական հնարովի քրեական գործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել մի բան, որն իրականում գոյություն չունի»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն այստեղ միտում է տեսնում Մանվել Գրիգորյանի ընտանիքի միջոցով շոու ցույց տալու և ցուցանիշներ գրանցելու համար:

«Եթե այսօրվա գործադիր իշխանությունը նպատակ ունի օբյեկտիվ գնահատական տալ, պետք է հետ գնա և տա հետևյալ հարցի պատասխանը՝ ո՞րն է եղել պատճառը, որ բալանսում նստած է եղել մոտ 800 մլն դրամի գույք, բայց իրականում եղել է թալանված գործարան: Վերցրին, 90-ականներին գործարանը պետական ամենաբարձր մակարդակով թալանեցին, որից հետո վաճառեցին այն գնով, որով շուկայի գինն էր: Պետք է ճշտեն՝ շուկայական արժեքը համապատասխանո՞ւմ էր նրան, ինչով վաճառեցին, թե՞ ոչ, և ճշտեն, ո՞րն է եղել պատճառը, որ բալանսային արժեքը մի 10 անգամ ավելի բարձր է եղել, քան շուկայական գինը»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբաններին նաև հուզում է այն հարցը, թե ինչո՞ւ են իրավապահ մարմինները հենց հիմա խոսում այս մասին, քանի որ տեղեկությունները գործարանի մասին ունեին դեռ հոկտեմբերից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930