Հայաստանյան բիոլաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքը թույլատրող հուշագրի բանակցություններն ավարտված են

«Հուշագրի տեքստը գրեթե համաձայնեցված է»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով  բիոլոգիական անվտանգությանը վերաբերող հայ-ռուսական հուշագրի մշակման աշխատանքներին:

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր հուշագրի ընդունումը ՀՀ-ում գտնվող բիոլաբորատորիաների տարածք ռուս մասնագետների մուտքի մասին, և որո՞նք են հետագա ծրագրերը բիոլոգիական անվտանգության ոլորտում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ այդ հարցերն իրենք այսօր քննարկել են, դրանք նաև քննարկվում են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև:

Նրա փոխանցմամբ՝ ՌԴ Առողջապահության նախարարը վերջերս եղել է Հայաստանում, շփվել է իր գործընկերների հետ: «Այսօր մենք նշել ենք, որ ընդհանուր առմամբ հուշագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են, այն ներկայումս անցնում է միջգերատեսչական համաձայնեցման փուլը երկու կողմերում, և հույս ունենք, որ մոտ ապագայում այն կստորագրվի, որը, բնականաբար, կստեղծի հավելյալ հնարավորություններ մեր համագործակցության համար բիոլոգիական անվտանգության ոլորտում: Մենք այս շփումները մեր հարևանների, գործընկերների հետ՝ անվտանգության տեսանկյունից համարում ենք մեր օրակարգի կարևոր բաղադրիչը՝ բառի լայն իմաստով: Կա կոնվենցիա՝ բիոլոգիական տոքսիկ զենքի, որն արգելում է նման զենքի ստեղծումը: Ցավոք սրտի, այդ կոնցվենցիային ԱՄՆ կատեգորիկ դեմ դիրքորոշման պատճառով չկա ստուգող մեխանիզմ: Ամեն դեպքում երկար տարիներ մենք ջանքեր ենք ներդնում նման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, բայց ամերիկացի մեր գործընկերները նախընտրում են խուսափել այդպիսի պայմանավորվածությունից և ամեն բան ուղղորդում են նրան, որպեսզի ողջ աշխարհում երկկողմ հիմքի վրա ստեղծեն լաբորատորիաներ «под себя»: Բնականաբար, մենք հետաքրքրված ենք, որպեսզի այդ ոլորտում մենք մեր գործընկերների հետ ունենանք ամբողջական և փոխադարձ թափանցիկություն»,- ասաց Լավրովը:

Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հայաստանի համար բիոլոգիական անվտանգության հարցը չափազանց կարևոր է, և այս տարիների ընթացքում հաջողվել է վերականգնել և ամրապնդել հնարավորությունները բիոլոգիական անվտանգության մեխանիզմի ձևավորման ուղղությամբ՝ համագործակցելով տարբեր գործընկերների հետ: «Մենք ավարտում ենք բանակցային գործընթացը, ավարտում ենք համաձայնեցումները, դա գործընթացի փուլում է, ավելին խոսելը բարդ է, ընդհանուր առմամբ փաստաթուղթը հնարավորություն կտա կոնսոլիդացնել մեր ներուժն այս ոլորտում»,- ասաց նախարար Մնացականյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930