Իսպանիայի ժողովրդական կուսակցության առաջնորդը պատրաստ է կոալիցիոն կառավարություն ձևավորել
Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլեւս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձեւավորելու, նա կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել եւ նույն բանն սպասում է Սոցիալիստական կուսակցությունից:
Կասադոն, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, ասել է, որ Իսպանիան «այլեւս չի կարող սպասել» մինչեւ որ նման կառավարություն ձեւավորվի:
Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ իր կուսակցությունը կկատարի «իր պարտքը» եւ Սոցիալիստական կուսակցությունից սպասում է հաջորդ քայլին: Նրա խոսքով՝ Ժողովրդական կուսակցությունը միտված է «կայուն կառավարության ձեւավորմանը»:
Դրա իրագործման համար Կասադոն համագործակցության կոչ է արել բոլոր կուսակցություններին, հայտարարելով, որ կառավարությունը պետք է կազմվի սոցիալիստների գլխավորությամբ: Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանի նոյեմբերի 10-ին անցկացված արտահերթ ընտրություններում, սակայն վերստին չի կարողացել մեծամասնություն հավաքել, որն անհրաժեշտ է միակուսակցական կառավարություն կազմելու համար:
Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, հաշված քվեաթերթիկների 99 տոկոսի հիման վրա սոցիալիստները 120 տեղ են ստանում խորհրդարանի նոր կազմում: Ժողովրդական կուսակցությունը խորհրդարանում ստանում է 87 տեղ, Vox ծայրահեղ աջ կուսակցությունն իր համար ապահովել է 52 խորհրդարանականների ներկայացուցչություն, «Պոդեմոս» ձախ միավորումը ներկայացվելու է 35 պատգամավորներով, իսկ «Քաղաքացիներ» կուսակցությունից լիբերալները՝ 10 պատգամավորներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



