«Հանրային խորհուրդն այն կառույցն է, որը ստեղծելու է իրական ու արժեքավոր այլընտրանքը». Բաբկեն Պիպոյանը՝ ՀԽ-ից դուրս գալու պատճառների մասին

Նոյեմբերի 7-ին Հանրային խորհրդի հրավիրած նիստում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը հայտարարեց, որ պատրաստվում է դիմում ներկայացնել ՀՀ վարչապետին՝ դադարեցնելու իր լիազորությունները ՀԽ-ում։

Նրա խոսքով՝ նման քայլի դիմելու պատճառն այն է, որ ՀԽ-ի որևէ խորհուրդ չի ընդունվել, և դրանց հետ որևէ մեկը հաշվի չի նստել, ուստի այս պարագայում շարունակել աշխատել՝ անիմաստ է։

168.am-ի հետ զրույցում Բաբկեն Պիպոյանն ասաց, որ իր հայտարարության հաջորդ օրը դիմում է  ներկայացրել վարչապետին, դեռևս պատասխան չի ստացել, սակայն ակնկալում է, որ իր լիազորությունները վարչապետը կդադարեցնի։

«Իմ դիմումում նշել եմ, որ, ինչպես տարիներ շարունակ աշխատել եմ հանրային դաշտում, այնպես էլ շարունակելու եմ այսուհետև գործել։ Ինքս միշտ այն կարծիքին եմ եղել, որ մարդն իր էությամբ պետք է ամեն ինչից վեր կանգնի և ինչ-որ արժեքների կրող լինի։ Եվ եթե ես ասում եմ, որ Հայաստանին հարկավոր է սահմանադրական մարմնի տեսքով Հանրային խորհուրդ, ապա առնվազն իմ քայլերով պետք է ապացուցեմ, որ ես դա ուզում եմ ոչ թե ինձ համար, այլ երկրի համար։ Կարծում եմ՝ մարդն ինքն իր խորհուրդը պետք է արժևորի և դրա համար հիմքեր տա»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ Հանրային խորհուրդն այն հարթակն էր, որով կարելի էր ավելի արդյունավետ գործել, նաև՝ քննարկումների մեջ ներառել այնպիսի հարցեր, որոնք այդքան էլ փոխկապակցված չեն սպառողների իրավունքների պաշտպանության հետ։

Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ եթե ինքը դուրս է գալիս Հանրային խորհրդից, ապա դա չի նշանակում, որ այդ կառույցի գոյությունն անհրաժեշտություն չէ. այն պետք է լինի, ավելին՝ պետք է լինի այնպիսի կենսունակ Հանրային խորհուրդ, որի հետ փոխգործակցության լուրջ քայլեր կձեռնարկի գործադիր իշխանությունը։

«Սա այն կառույցն է, որը ստեղծելու է իրական ու արժեքավոր այլընտրանքը, որի տված խորհրդի հետ հաշվի չնստելու պարագայում շատ երկար է պետք մտածել»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս