«Կա՛մ Փաշինյանն է ստում, կա՛մ նրա թիկնազորն է անպիտան». Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Կա՛մ Փաշինյանն է ստում, կա՛մ նրա թիկնազորն է անպիտան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Արցախում է գտնվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին, քիչ առաջ սրտաճմլիկ գրառում է կատարել, թե ինչպես է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մերձակայքում մի մարդ ջուր լցրել իր մեքենայի հետևից…Պարոն վարչապետը իր գրառման մեջ պարզաբանել է, որ սկզբից վախեցել է, երբ ճամփեզրին տեսել է այդ մարդուն…Բայց հետո, երբ վերջինս ջուրը լցրել է, հասկացել է այդ մարդու իրեն ուղղված մեսիջը…
Պարոն վարչապետի այս գրառումից երկու եզրահանգման եմ եկել. կա՛մ Փաշինյանն է ստում, կա՛մ նրա թիկնազորն է անպիտան…
Ըստ առաջին վարկածի՝ Փաշինյանի PR-ով զբաղվողները բացահայտ պրիմիտիվիզմով են զբաղված և հասկանալով, որ հասարակության լայն շերտերը դեռ հավատում են այս իշխանություններին մարդկանց տարաբնույթ «հեքիաթներով» են կերակրում…
Վերջին շրջանում Հայաստանի վարչապետի տեղաշարժին հետևելիս որևէ մեկը չի կարող հավատալ պարոն Փաշինյանի գրառմանը…Թիկնազորն ուղղակի «մաքրում» է նրա ավտոշարասյան ճանապարհին հանդիպող բոլոր մեքենաները և մարդկանց…Իսկ վարչապետին մոտենալու մասին խոսք լինել չի կարող…Երեք տասնյակից ավել թիկնապահներն ուղղակի կենդանի պատի նման փակում են Փաշինյանին և նրա «սվիտային» չորս կողմից…
Իսկ եթե Հայաստանի վարչապետի պատմածը համապատասխանում է իրականությանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող կառույցի ներկայացուցիչները անպիտանների մեկն են…Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը կանգնի Փաշինյանի ճանապահին ինչ-որ բան ձեռքին և թիկնապահները չհետաքրքրվեն, թե այդ անձն ո՛վ է և ի՛նչ գործ ունի Հայաստանի վարչապետի ավտոշարասյան ճանապարհին, որը ոչ միայն հսկվում է վարչապետի անվտանգության աշխատակիցների, այլև հյուրընկալող կողմի անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից ևս…
Մեկ հարց ևս…Այդ մարդը որտեղի՞ց գիտեր Հայաստանի վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի «քարտեզը», որ ճանապարհի եզրին ջուրը ձեռքին իրեն էր սպասում…
Չեմ զարմանա, եթե պարոն Փաշինյանը որոշ ժամանակ անց գրառման միջոցով իր երկրպագուներին տեղեկացնի, որ խաշ ուտելու համար Գյումրի գալու ճանապարհին հանդիպել է այլմոլորակայինների, և համացանցի «պողոսացված» և զոմբիացած մասսան, ինչպես նաև հայտնի ՊՈԱԿԻ 20-25 հազար ֆեյքերը, որոնք ծառայում են գործող իշխանություններին համացանցում գովերգելու, իսկ իշխանություններին քննադատողներին՝ անվանարկելու և վիրավորելու համար, էքստազի մեջ հայտնվեն, ինչպես հայտնվել են Փաշինյանի վերջին «ջրառատ» գրառումից հետո…
Հ.Գ.Պարոն վարչապետն իր գրառման մեջ այդ մարդուն նաև խոստացել է հուսախաբ չանել …Ցավոք, շատերն են արդեն հուսախաբ եղել, քանի որ իշխանության գալուց հետո նախորդ ռեժիմին սպասարկող բազմաթիվ հանցագործները և օդիոզ դեմքերը ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև մեծ հաճույքով համագործակցում են գործող իշխանությունների հետ»: