«Արայիկ Հարությունյանը ներդրված «տրոյական ձի» է». Արծվիկ Մինասյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը  չի գիտակցում իր պարտականությունները:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ նրա ղեկավարած նախարարության գործառույթը լեզվի, ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը և ազգային ինքնության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումն է: Այսինքն՝ գործում է հակաօրինական ընթացքով:

«Այս մարդը ոչ միայն  չի տիրապետում իրավիճակին, այլև կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում՝ մեր ժողովրդին, երիտասարդությանը  կտրել ազգային ինքնությունից: Արայիկ Հարությունյանը «տրոյական ձի» է Հայաստանի համար, որը ներդրվել է ՀՀ  ինքնատիպությունը քանդելու համար»,- նշեց նա:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի կողմից հնչող սպառնալիքներին՝ քրեական գործերի և արկղեր լցնելու մասին, Արծվիկ Մինասյանը հրապարակային հայտարարեց՝  ԿԳՄՍ նախարարը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության:

«Թող հոդվածն ինքը որոշի:  Բայց առնվազն երկու հոդված այստեղ կա. կամ սուտ մատնության հոդվածն է,  երբ հանցագործության մասին սուտ մատնություն է իրականացնում անձը՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կամ հանցագործություն է պարտակում: Հակառակ դեպքում՝ Հարությունյանի արտահայտած այս սպառնալիքներն ունեն մեկ կարևոր նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել անել այնպես, որ իբր իրավական մեղադրանքների տարափ տեղա: Փառք Աստծո, այսօր Քրեական օրենսգիրքը գործում է, կոնկրետ երկու հոդված կա, և կրկնում եմ՝ Արայիկ Հարությունյանն իր արտահայտած մտքերի համար պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ընդգծեց Մինասյանը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս