Բաժիններ՝

«Եկել է ժամանակը, որ մենք հանենք մեր միջի պատնեշները». Աշոտ Բլեյանը՝ իր սաների կողմից քանդված ցանկապատի մասին

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 մանկապարտեզի սաների ծնողներն ահազանգել էին 168.am-ի խմբագրություն՝ պնդելով, որ մանկապարտեզի բնականոն աշխատանքն այս պահին խոչընդոտվում է հարևանությամբ գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների կողմից:

Նրանց խոսքով՝ մանկապարտեզի տարածք առանձնացնելու շինարարական աշխատանքներ իրականացնելու համար իրենք ունենք համապատասխան մարմնի թույլտվությունը, սակայն կրթահամալիրի աշակերտները խոչընդոտում են. քանդել են տեղադրված պարիսպը ու թույլ չեն տալիս աշխատանքները շարունակել:

«Սանիտարական ինչքան նորմ կա, խախտվում է. տարածքում սնվում են, թափում են»,- ասացին մեզ զանգահարած քաղաքացիները:

168.am-ին չհաջողվեց կապ հաստատել նշված մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Ստամբոլցյանի հետ: Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Նունե Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «թեժ գծով» ստացված ահազանգ է ստացել և հենց այդ պահին «դեպքի» վայրում էր:

Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ մանկապարտեզն ունի ՀՈԱԿ-ին՝ որպես անշարժ գույք ամրացված տարածքը ցանկապատելու օրինական թույլտվություն:

«Կողքի մասնավոր դպրոցի աշակերտները եկել են, խոչընդոտում են աշխատանքները: Ես ահազանգով եմ եկել այստեղ: Մենք եկանք այն պահին, երբ երեխաները բահերով քանդում էին  փոքրիկ պարիսպը: Տեղում է նաև ոստիկանությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Նունե Սարգսյանը:

Նա հաստատեց մեր լուրերը, որ նրանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն են: Ինչպես նշեց Նունե Սարգսյանը, այդ տարածքը պատկանում է մանկապարտեզին, կան համապատասխան քաղաքաշինական նորմեր, որ նախադպրոցական հաստատությունը պիտի պարսպապատ, առանձնացված լինի բոլոր կառույցներից:

«ՄԱԿ-ը՝ իր էներգախնայողության և էներգաարդյունավետության ծրագրով, Քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, մյուս տարի պիտի հիմնանորոգի այս մանկապարտեզը: Խոշոր գումարներ են ներդրվելու, 8 խումբ ունեցող մանկապարտեզ է, վերանորոգումից հետո էլի խմբեր կբացվեն, երեխաներ կընդգրկվեն: Բակը հիմնանորոգելու է Քաղաքապետարանը, ամեն խմբի համար առանձին խաղային միջավայր է ստեղծելու: Այստեղ անհասկանալի ի՞նչ կա, տարածքը մանկապարտեզինն է, և վերջ»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը:

Մենք կապ հաստատեցինք նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել իր սաների մասնակցությամբ:

««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Հյուսիսային դպրոց-պարտեզի» սաները, ուսուցիչներն ու ծնողները թույլ չեն տվել ցանկապատել տարածքը: Երկու հարևան մանկապարտեզները, մասնավորապես՝ թիվ 93-ը, առանց մեզ տեղեկացնելու, մտել են ու սկսել ցանկապատ դնել եզրագծով: Մենք ներքին բարեկարգ տարածք ունենք, մենք ենք ստեղծել, և իրենք փորձել են ցանկապատով մեր ճանապարհը փակել»,- ասաց Աշոտ Բլեյանը՝ շեշտելով, որ իրենք դա թույլ տալ չէին կարող, որովհետև իրենք հայտնվում են ճաղավանդակում:

Մեր դիտարկմանը, թե նշվում է, որ իրենք թույլտվություն ունեն, և քաղաքաշինական նորմ է, որ մանկապարտեզը պետք է առանձնացված լինի, Աշոտ Բլեյանն ասաց, որ երեխայի իրավունքը վեր է, անօտարելի է, քան ինչ-որ մեկի կամայականությունն ու ցանկությունը, որովհետև քաղաքաշինական նորմը, ըստ նրա՝ վերաբերում է ճանապարհներից, մեքենաներից մեկուսացմանը, իսկ այստեղ ներքին, ընդհանուր տարածք է, որը ճանապարհից ոչ միայն հեռու է, այլև Հյուսիսային դպրոցը չի կարողանում տեղաշարժվել դեպի Մայր դպրոց:

«Մենք հո ինքնաթիռով չե՞նք գնալու: Այդ ցանկապատը խանգարում է ուսումնական գործընթացի ժամանակ մեր ազատ տեղաշարժին: Վարչական շրջանից եկան, հետո նաև վարչապետի օգնականն այցելեց, տեղում տեսան, համոզվեցին, որ հակառակը՝ ցանկապատեր ու ճաղեր հանելու ժամանակն է, որովհետև եղել են ճաղերը տեղադրելու նախկին ժամանակներ, վստահ եմ՝ այդ ժամանակներն անցել են: Հիմա եկել է ժամանակը, որ մենք հանենք մեր միջի պատնեշները, որպեսզի ստեղծենք մեկ միասնական կրթական տարածք՝ իր ազատ անցումներով, բարեկարգ, լուսավոր, անվտանգ»,- ասաց կրթահամալիրի տնօրենը:

Նրա խոսքով՝ իրենք այնպիսի միջավայր են ստեղծել, որ բոլորի համար այդ տարածքը դարձնում են ներառական, մասնակցային: «Այսպես ո՞նց կլինի, մտնենք, բաժանենք. Սա ո՞ր ժամանակներն են»,- ասաց Ա. Բլեյանը:

Հարցին, թե փաստորեն տարածքն այլևս չի՞ ցանկապատվելու, Աշոտ Բլեյանը պատասխանեց՝ դա չի կարող ցանկապատվել: «Այստեղ «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցն է, գեղարվեստն է, մեր արտասահմանն է, շատ հետաքրքիր, դինամիկ զարգացող դպրոցն է, մանկապարտեզ կա, ծնողներն են, բնակիչներն են: Մենք մենակ մեր շահերը չենք պաշտպանում, այլև հարևան բնակիչների: Նրանց շահերից էլ չի բխում ինչ-որ մի վարիչի կամայականությունը, որը փոխանակ պատժվի, որովհետև տարիներ շարունակ նպատակային իրենց հատկացված հողը վերածել են անապատի… Այդտեղ որ մտնեք, կզարմանաք: Կասեք՝ սա մանկապարտեզի տարա՞ծք է»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Մեր նկատառմանն ի պատասխան, որ մանկապարտեզն ու տարածքը ՄԱԿ-ի ծրագրով ու Քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվելու ու բարեկարգվելու են, Ա. Բլեյանն ասաց, որ համաձայն է, բայց ստացվում է, որ մի կողմից՝ գումար չունեն, մյուս կողմից էլ՝ թանկարժեք ցանկապատ կառուցելու գումա՞ր ունեն:

Աշոտ Բլեյանը վստահ է, որ միայն բարեկարգումից հետո կարելի է մտածել ցանկապատի մասին, որը պետք է լինի ոչ թե ներքին, այլ՝ արտաքին:

«Եթե անվտանգության խնդիր կա, եկեք միասնական, երեք մանկապարտեզների համար կոկիկ, գեղեցիկ կանաչ ցանկապատ անենք, որպեսզի չվերածվի գաղութի»,- եզրափակեց Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ իրենց ծնողները, ուսուցիչներն ու աշակերտները որևէ պարագայում չեն զիջի:

168.am-ը հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեց նաև ոստիկանությունից: «Մանկապարտեզը ցանկապատ կառուցելու թույլտվություն ունի, որի կառուցապատման ժամանակ ինչ-որ խոչընդոտներ են եղել: Տնօրինության կողմից դիմում է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ պետք է ցանկապատ կառուցենք և խնդրում ենք հասարակական կարգն ապահովել: Մեր ծառայողները տեղում են, ապահովում են հասարակական կարգը»,- ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ հապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս