Ով է բացահայտել և Դավիթ Տոնոյանին փոխանցել ORSIS-ի առաջարկած գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցներում առկա տեխնիկական խնդիրները

168.am-ի հետ զրույցում «Ունիկում Ինժիներինգ» ընկերությունից անդրադարձել են «Օրսիս»-ՀՀ պաշտպանության նախարարություն փոխհարաբերություններին, ձախողված տենդերին: Նշենք, որ «Ունիկում Ինժիներինգը» տարիներ շարունակ համագործակցել է ՊՆ-ի հետ՝ մատակարարելով գիշերային տեսանելիության սարքավորումներ:

Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել «Օրսիսի» և ՀՀ պաշտպանության նախարարության միջև, որը մեծ աղմուկ է բարձրացրել, ընկերությունից պատասխանեցին, որ տվյալ հարցը չի գտնվում իրենց իրավասության շրջանակներում:

«Միաժամանակ ORSIS ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության փոխհարաբերությունների վերաբերյալ կարող ենք ասել, որ խոսքը պայմանագրային փոխհարաբերությունների մասին է, և տվյալ դեպքում գործում են պարտադիր ձևով տեղեկատվությունը չբացահայտելու դրույթները, իսկ եթե ORSIS ընկերությունն իրեն իրավունք է վերապահում միակողմանի բացահայտել տվյալ գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, ապա, կարծում ենք, ինքը խնդիր ունի գործարքի մյուս կողմի հետ, իսկ մենք չենք հանդիսանում  գործարքի մասնակից»,- նշեցին ընկերությունից:

«Ունիկում Ինժիներինգից», սակայն, չցանկացան անդրադառնալ մամուլում շրջանառվող լուրերին, որ իրենք են բացահայտել և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցել ORSIS-ի առաջարկած գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցներում առկա տեխնիկական խնդիրները:

Մարիամ Պետրոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս