Արսեն Թորոսյանը գոհ չէ հակածխախոտային օրինագիծն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկելուց
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը: Չնայած հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հիմնավորումներին՝ նախարարը շարունակում է հավանություն չտալ առողջապահական նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկելու որոշմանը: Նախարարը նման կարծիք հայտնեց «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումից առաջ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադառնալով ավելի վաղ հնչած հարցադրումներին, թե ինչու է նախագիծը քննարկվում տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ պատասխանեց՝ հարցը նոյեմբերի 5-ին քննարկվել է նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: «Եվ այսօր այն քննարկվելու է Տնտեսական հարցերի հանձնաժողովում: Փաթեթը եկել է այս հանձնաժողով, քանի որ տնտեսական հետևանքներն այս դեպքում բավականին շոշափելի են»,-նշեց Թունյանն ու շեշտեց՝ որպես ԱԺ պատգամավոր իրենք պարտավոր էին բոլոր կողմերի կարծիքը լսել:
Նա նշեց՝ որոշակի առումով քննադատությունների են արժանացել նաև նրա համար, որ օրինագծի վերաբերյալ քննարկումներ են ունեցել նաև բիզնեսի սեկտորի հետ: «Անցկացրել ենք այդ քննարկումները, որովհետև բիզնես սեկտորն այս օրենքի նախագծի հետևանքների անմիջական կրողն է: Հանդիպել ենք և՛ ռեստորանների, և՛ հանրային սննդի սեփականատերերի, և՛ ծխախոտ արտադրող ու ներմուծող ընկերությունների հետ»,-ասաց Թունյանն ու հավելեց՝ համոզված է, որ դրանով ոչ մի դրույթ չեն խախտել, ամեն ինչ ճիշտ են արել:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նույնիսկ լսելով հանձնաժողովի նախագահի հիմնավորումները, համարում է, որ օրենքը պետք է քննարկվեր ոչ թե տնտեսական, այլ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում՝ որպես գլխադասային հանձնաժողով: «Այդպես է արվում շատ այլ երկրներում: Մեզ համար զարմանալի էր, որ նախագիծը եկավ այս հանձնաժողով»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ պետք է ֆիքսել, որ առողջապահական, ոչ թե տնտեսական օրենքի նախագիծ են ներկայացնում ԱԺ-ին:
Անդրադառնալով բիզնես սեկտորի հետ հանձնաժողովի հանդիպումներին՝ Թորոսյանը նշեց, որ իրենք բնավ չեն մեղադրում որևէ մեկի հետ հանդիպելու համար: «Խոսքը վերաբերում է ծխախոտային արդյունաբերության կողմից հանրային քաղաքականության վրա ազդեցությանը: Ես վստահ եմ, որ ներկա պատգամավորներն առնվազն հասկանում են, որ նման ազդեցություն չպետք է լինի»,-ասաց նա:
Նախարարի կարծիքով՝ հանդիպումները, մանավանդ, եթե դրանց արդյունքում ծխախոտային ինդուստրիայի կողմից առաջ քաշված հարցերը դրական լուծում ստանան, կարող են մեկնաբանվել որպես ծխախոտային ինդուստրիայի կողմից ազդեցություն հանրային քաղաքականության վրա: