Բաժիններ՝

«Երբ այլ ասելիք չկա, այդ թեման են առաջ բերում». Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ են ՀՅԴ անդամները սկսել աղմկել։ Նա, սակայն, ունի նաև դրա պատասխանը: Ըստ նախարարի՝ նրանք սկսեցին աղմկել, որովհետև տապալել են այս ոլորտին առնչվող բոլոր  նախագծերը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, թե երեկ նախարարության շենքի մոտ ՀՅԴ-ական երիտասարդների տարած արկղերը պատրաստվում է լցնել բազմաթիվ քրեական գործերով և ետ ուղարկել։

«Ես նախկինում էլ եմ խոսել քրեական գործերի մասին, ես այս ժամանակահատվածում չեմ խոսել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչյանի մասին, բայց հիմա ձեռնամուխ կլինեմ դրան»,- ասաց  Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ ինքը հայագիտական առարկաների դեմ որևէ հակատրամադրվածություն չունի, և երեկվանից մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները դա շահարկում են՝ պայմանավորված քաղաքական ազդեցությամբ։

«Սա հնարք է, սա շատ զգայուն թեմա է, և երբ այլ ասելիք չկա, այդ թեման են առաջ բերում»,- ասաց  Հարությունյանը՝ ի պատասխան այն մեղադրանքներին, որ ինքը սատարում է սեռական փոքրամասնություններին։

Նախարարը նաև նշեց, որ պատրաստ են ուսանողների հետ նստել և քննարկել նրանց կողմից բարձրացված խնդիրները:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս