Աշխարհում գիրք կարդացողները ղեկավարում են հետուստադիտողներին

«Ամբողջ աշխարհում գիրք կարդացողները ղեկավարում են հեռուստադիտողներին, մինչդեռ մեր երկրում պետությունը վարում է հեռուստադիտողների քաղաքականություն: Իսկ հեռուստատեսությամբ  օր օրի ավելի վատ հեռուստաարտադրանք է մատուցվում»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդպիսով հասարակության մեջ սերմանվում է ցածր ճաշակ, իսկ բարձրարժեք գիրքն ու գրականությունը պարզապես պահանջարկ չեն ունենում:

Ըստ նրա՝ հայաստանյան հրատարակչություններում վաճառքի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ՝ մոտ 2 անգամ նվազել են, և տարեցտարի գրքի վաճառքի նվազումն առավել ակնհայտ է դառնում:

«Խոսքը ոչ միայն տպագիր գրականությանն է վերաբերում, այլև գրքի բովանդակությանն ընդհանրապես»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ նշելով, որ ներկայում հայաստանյան մեծ հրատարակչությունները, տպագրված գրքերից բացի, ունեն նաև դրանց էլեկտրոնային տարբերակները:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ ներկայում հայերեն էլեկտրոնային գրականությունը շատ քիչ է, մինչդեռ անհրաժեշտ է ամեն կերպ խթանել գիրքը՝ որպես հավելյալ արժեք: Այս ուղղությամբ, ինչպես նշեց Ա. Մարտիրոսյանը՝ իրենք տարբեր ծրագրեր են սկսել: «Oրինակ՝ Samsung-ի հետ սկսել ենք համագործակցել, որպեսզի այդ ընկերության կարդացող սարքերում՝ որպես բոնուս, հնարավոր լինի անվճար հայերեն գրքեր կարդալ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ նշելով, որ շուտով պատրաստվում են հրատարակել նաև անգլերենի ուսուցման համար ինտերակտիվ գիրք:

Կարդացեք նաև

Բացի այդ, հաջորդ տարի հրատարակչությունը պատրաստվում է հրատարակել նաև չթրջվող, ինչպես նաև՝ խաղերով գրքեր, որոնք ևս նորարարություն կլինեն:

Ի դեպ, Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ վերջերս կատարված հարցումները ցույց են տվել, որ ծնողների 90%-ը պատրաստ է, օրինակ, 3000 դրամ տալ երեխային՝ սրճարան գնալու համար, սակայն գիրք գնելու համար այդքան գումար տրամադրող ծնողների քանակը կազմում է մեկ տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս