Կառավարությունը հաստատեց ձմեռային զորակոչի ժամկետները
Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նոյեմբերի 7-ի նիստում:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծով նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով: Վերջինիս կազմի հետ կապված որոշակի առարկություններ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց երկու գերատեսչություններին քննարկել հարցը և գտնել համատեղ լուծում: