Բաժիններ՝

Մեր երկրում միտքը հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը և ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն անձամբ պարգևներ է հանձնել «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթող ճանաչված 47 մրցանակակիրներին: Կառավարության ղեկավարը նաև դիտել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցներից կազմված «Նաիրի» ազգագրական պարային համույթի կատարումը, որի շրջանակում ներկայացվել է հայկական «Ճոճք» պարաձևը: Ելույթներ են ունեցել «Սինոփսիս» ընկերության արտասահմանյան և հայաստանյան ղեկավարները, ովքեր անդրադարձել են Հայաստանում ընկերության ծավալած 15 տարիների գործունեությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում նշել է.

««Սինոփսիս» ընկերության մեծարգո նախագահ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մեծարգո նախարար, «Սինոփսիս Արմենիա» ընկերության մեծարգո նախագահ, «Սինոփսիս» ընկերության մեծարգո տնօրեն, «Սինոփսիս» ընկերության հարգելի աշխատակիցներ, Պետական այրեր, Հյուրեր

Շնորհավորում եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ և շնորհավորում եմ ոչ միայն «Սինոփսիս» ընկերությանը, ոչ միայն «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը և նրա աշխատակիցներին, այլև շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, որովհետև կարծում եմ, որ «Սինոփսիս» ընկերության նման ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր և նշանակալի բան է նշանակում բոլորիս համար:

Եվ, առաջին հերթին, այդ ընկերության մուտքը թերևս համընկնում է, չնայած 15 տարի առաջ է տեղի ունեցել, բայց համընկնում է մեր կառավարության ձգտումներին և գործունեությանը: Այդ ձգտման մասին մենք բազմիցս խոսել ենք, և եթե ավելի կարճ ձևակերպենք, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես ինժեներական մտքի, գործունեության և տեխնոլոգիական երկիր, և սա շատ կարևոր է մեզ համար:

Հաջորդը, որ ուզում եմ ընդգծել, աշխատանքային նոր մշակույթն է, գործատու-գործավոր հարաբերությունների նոր կերպը և մակարդակը. անկեղծ ասած, այնպես չէ, որ ես խորացված տիրապետում եմ «Սինոփսիս»-ի գործունեությանը, բայց ինչքան հասցրել եմ տեղեկանալ՝ նախկինում որպես լրագրող, որպես պատգամավոր, հետագայում նաև՝ որպես վարչապետ, դա իսկապես շատ կարևոր է, այդ նոր մշակույթը, որ բերվել է Հայաստանի Հանրապետություն՝ աշխատանքային նոր միջավայրից սկսած աշխատանքային նոր հարաբերություններով շարունակած:

Երրորդը՝ նման ընկերությունների մուտքը և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի մուտքը ես շատ կարևոր եմ համարում իսկապես Հայաստանի Հանրապետության, ինչպես մենք անվանում ենք, հպարտ քաղաքացու ձևավորման գործում. երբ իսկապես ինքնիշխան քաղաքացու ձևավորման շատ կարևոր գործընթաց է տեղի ունենում, և դրա համար ձևավորվում է ֆինանսատնտեսական շատ կարևոր հենք, երբ գործավորը, ի տարբերություն հին համակարգերի, այնպիսի կապերով և կախվածություններով կապված և կախված չէ ընկերությունից և գործատուից, որ նա ստիպված չէ երբեմն զոհաբերել իր հայացքները, իր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներն աշխատանք ունենալ-չունենալու այլընտրանքի հետ: Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը շատ կարևոր եմ համարում այս տեսանկյունից, որ որևէ նման ընկերությունում որևէ նման խնդիր ծագում է, 100 տոկոսանոց հավանականություն կա, որ այդ աշխատողը, մասնագետը շատ արագ առնվազն նույնպիսի աշխատանք կգտնի մեկ այլ ընկերությունում և հաստատ չի համալրի գործազուրկների բանակը:

Այս առումով, իսկապես, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործունեությունը շատ կարևոր է: Եթե հիշողությունս չի դավաճանում, այս ընկերությունը նշված ոլորտի առաջամարտիկներից է եղել Հայաստանի Հանրապետությունում, և չգիտեմ այս ամբիոնից ինչպես կհնչի, բայց նման ընկերությունների ձևավորումը, նման մասնագետների և աշխատանքային նման խավի ձևավորումն է, որը Հայաստանում հանգեցրել է քաղաքական փոփոխությունների, և դա փաստ է: Այդ մարդիկ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման, նոր մտածողության զարգացման գործում ունեցել են իսկապես առաջնորդի դերակատարում, եթե ոչ անհատապես, չնայած շատ մարդիկ նաև անհատապես են ներգրավված եղել, առնվազն խմբային իմաստով այս ոլորտում աշխատող մարդիկ այդ առաջնորդող դերակատարումն ունեցել են, և սա շատ կարևոր է:

Ես ուզում եմ շնորհավորել նաև մեր այսօրվա մրցանակակիրներին և ուզում եմ ընդգծել, որ առաջընթացի համար ամենակարևոր պայմանը գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձևավորումն է, և այս մարդիկ այդ պահանջարկի ձևավորման առաջամարտիկներն են: Ընդհանրապես վերջին շրջանում առիթներ ունեցել եմ ասելու, կարծում եմ՝ առաջիկայում էլ առիթ կունենամ ասելու, որ գիտելիքը և հմտությունը մեզ համար հնարավորի սահմաններն ընդարձակելն է, մեծացնելն է: Այսօրվա միջոցառումը կարևոր է մեզ համար, որովհետև մենք համարում ենք, որ և՛ դահլիճում նստած բազմաթիվ մարդիկ, և՛ բեմում կանգնած մեր հարգելի մրցանակակիրներն զբաղված են հենց դրանով՝ հնարավորի սահմաններն ընդլայնելով: Հնարավորի սահմաններն ընդլայնելը մեր ամենամեծ առաքելությունն է, և Հայաստանում այս կերպը՝ հնարավորի սահմաններն ընդլայնելու առաքելությունը, պիտի դառնա պետական առաքելություն, պիտի դառնա հանրային առաքելություն, պիտի դառնա ժողովրդական առաքելություն: Հիմա շատ կարևոր է, որ սակավագիտության և բացամտության հավերժական պայքարում հնարավորինս արագ և հնարավորինս տեսանելի կերպով մենք արձանագրենք բացամտության հաղթանակը, որովհետև ընդլայնելով հնարավորի սահմանը՝ մենք ընդլայնում ենք մեր երկրի սահմանը, մեր հնարավորությունների սահմանը, մեր ժողովրդի ապագայի տեսլականի և իրականության սահմանը:

Եվ երրորդ դիտարկումը, որ ուզում եմ ասել, նաև ժամանակին շատ էր խոսվում այդ մասին՝ իսկ ի՞նչ կլինի մեր հանրության հետ, երբ օտարածին ընկերությունները գան, մեր երկրում գործունեություն ծավալեն, մեր երիտասարդությանը ներգրավեն իրենց աշխատանքներում, ինչպիսի՞ ազդեցություն դա կունենա մեր ազգային նկարագրի, ավանդույթների և կերպարի վրա: Ես կարծում եմ, որ շատ սիմվոլիկ էր, ես չգիտեի նույնիսկ այդ մասին, որ այստեղ՝ այս բեմում, մենք տեսանք ազգային մի պար, որը նույնիսկ պաշտոնական համույթների համերգացանկում հաճախ չէ, որ պատահում է, և դա տեսանք «Սինոփսիս» ընկերության աշխատակիցների կատարմամբ: Դա շատ սիմվոլիկ է, որովհետև ես կտրականապես չեմ կարող ընդունել այն կեցվածքը, երբ գիտելիքը, իմացությունը, հմտությունը, առաջադիմությունը, զարգացումը որևէ կերպ փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը: Այդ ներկայացումը կարևոր է, որովհետև հիմա եթե փորձենք վիճակագրություն անել, համոզված եմ՝ չենք գտնի շատ ընկերություններ, որի աշխատողներն ունեն մշակութային ինքնագործ խումբ, որտեղ զբաղված են իրենց հմտությունների շրջանակը մեծացնելով, ազգային մշակույթի, արվեստի նմուշների շուրջ պարապելով, հետազոտելով, ներկայացնելով: Մենք շատ չենք գտնի ընկերություններ, որտեղ կան կոլեկտիվներ, ովքեր պատրաստ են բեմ դուրս գալ և հարյուրավոր մարդկանց առաջ ազգային թիվ մեկ համերգասրահում այդպիսի համարձակություն, վստահություն, առաքելություն և նվիրվածություն  ունենալ, որպեսզի պարեն մի պար, որը մոռացված էր և ահա այսօր վերածնվում է նոր շնչով, նոր կերպարով և մեր նոր ապագայի մասին տալիս է շատ ընդհանրական, և շատ կոնկրետ, և շատ սիրելի, և շատ ազգային պատկերացում:

Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս, այդ թվում՝ այսօրվա միջոցառման կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում իսկապես միտքը կհաղթի: Ավելի ճիշտ հույս չեմ կարող հայտնել, ես կարող եմ միայն համոզվածություն հայտնել, որ մեր երկրում միտքը կհաղթի, որովհետև մեր երկրում միտքն արդեն հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է: Շնորհակալ եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս