Բողոքներ Կատալոնիայում. կրակի մեջ են նետում Իսպանիայի թագավորի դիմանկարները
Հազարավոր բողոքողներ են դուրս եկել Բարսելոնայի փողոցներ՝ բողոքելով Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորի այցի դեմ, տեղեկացնում BBC-ին: Բողոքողները կրակ են վառել գլխավոր փողոցներից մեկում, որտեղ հրկիզել են թագավորի լուսանկարները: Ոմանք վանկարկում էին՝ «Կատալոնիայում չկա թագավոր»:
Կատալոնիայում հոկտեմբերից տեղի են ունենում բողոքի ակցիաներ: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ անկախության շարժման ղեկավարներից մեկին՝ Օրիոլ Ժունկերասին, դատապարտեցին 13 տարվա բանտարկության:
Նոյեմբերի 4-ին ցուցարարներին միացել են անկախության կողմնակից երեք հիմնական կուսակցությունների անդամները, իսկ Կատալոնիայի վարչակազմը, որը գլխավորում են անկախականները, կոչ է արել իր կողմնակիցներին՝ զսպվածություն պահպանել:
Այն կուսակցությունների տարածաշրջանային ղեկավարները, որոնք ցանկանում են պահպանել Իսպանիայի միասնությունը, անցկացրել են իրենց ցույցը, որն անհամեմատ ավելի քիչ մասնակիցների էր հավաքել:
Այդ ընթացքում թագավորը՝ կնոջ ու երկու դուստրերի հետ, Բարսելոնայում մասնակցում էր երիտասարդ ձեռնարկատերերի, գիտնականների ու նկարիչների պարգեւատրման արարողությանը:
Գահաժառանգորդուհին՝ 14-ամյա արքայադուստր Լեոնորը, ելույթ է ունեցել արարողությանը՝ ընդգծելով իր նվիրվածությունը Կատալոնիային: «Այս հողը՝ Կատալոնիան, միշտ առանձնահատուկ տեղ է գրավելու իմ սրտում»,-ասել է նա իսպաներեն եւ կատալոներեն:
Բարսելոնայում պարգեւատրման արարողության անցկացման վայրը խստորեն պահպանվում էր ոստիկանության կողմից, որը արգելափակոցներ էր տեղադրել եւ փակել քաղաքի գլխավոր տրանսպորտային մայրուղիներից մեկը:a