«Պաշտպանության նախարարի մակարդակով բանակցություններ չեն եղել «Օրսիսի» գործով». Արծրուն Հովհաննիսյան

ORSIS ընկերության ռազմական արտադրանքը, որով նա մասնակցելու էր ՀՀ ԶՈւ ձախողված տենդերին, բազմիցս հաջողությամբ փորձարկվել է հայ զինծառայողների կողմից և հարցեր չի առաջացրել տեղի մասնագետների կողմից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում  ասել էր, որ  «Պրոմտեխնոլոգիա» ընկերության  խմբի մեջ մտնող ռուսական ORSIS ընկերության  հետ կապված գործում կատարվել է «հանցավոր արարք»:

«Եղել է հանցավոր արարք, նախաքննությունը կպարզի, թե ում կողմից, ինչպես և ինչ ծավալի»,- նշել էր Տոնոյանը՝ հիշեցնելով, որ հարուցված է քրեական գործ:

Ի դեպ, ռուսական ընկերությունից  նշել են, որ Տոնոյանի հիշատակած «հանցավոր արարքը» վերաբերել է Հայաստանի Քննչական կոմիտե իրավաբանի դիմումի փաստով, որը ներկայացնում էր ORSIS-ի շահերը։

Ռուսական մամուլում խոսակցություններ են շրջանառվում նաև, թե ՀՀ պաշտպանության նախարարությունից  գաղտնի բանակցում են, որպեսզի հարցը կարգավորվի:

168.am-ին ՊՆ-ից պաշտոնապես հայտնեցին, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, որևէ լիազոր պաշտոնական անձ ՊՆ-ից չի ուղարկվել բանակցությունների:

««Պրոմտեխնոլոգիան» գրավոր դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հանդիպում կազմակերպելու համար: ՊՆ-ից համապատասխան աստիճանի պաշտոնյաները, որոնք նման լիազորություններ ունեն, խոսքը ՊՆ-ի մասին չէ, դեմ չեն եղել, որ մինչև նոյեմբերի 7-ն այդ հանդիպումը կայանա, բայց տեխնիկական պատճառներով այն չի կայացել»,- մեզ հետ զրույցում շեշտեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հավելենք, որ ավելի վաղ «Պրոմտեխնոլոգիայից» 168.am-ին հայտնել էին, որ «երկու նամակ են ուղարկել պաշտպանության նախարարի անունով, փորձեր են ձեռնարկել հանդիպելու և քննարկելու իրավիճակը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, բայց սրան ոչ ոք չի չգնացել»:

168.am-ին ՊՆ-ից վստահեցրին, որ իրենք «Պրոմտեխնոլոգա» ընկերության հետ խնդիր չունեն, խնդիրը, թերևս, «Օրսիս Արմսի» և «Պրոմտեխնոլոգիայի» միջև է:

Միաժամանակ մեզ տեղեկացվեց, որ ՀՀ ՊՆ-ն հայց ունի «Օրսիս Արմսին» երաշխիք տված բանկի դեմ:

Հիշեցնենք, որ ռուսական ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր.

«ORSIS-ը 105 միլիոն դրամ է փոխանցել  «Հայբիզնեսբանկի» հաշվին` որպես բանկային երաշխիք, սակայն մրցույթից հետո փոխնախարար Մակար Ղամբարյանը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, փորձել է անօրինական կերպով հանել այդ գումարը և փոխանցել անհայտ բանկային հաշվի։ Բայց դա չի հաջողվել նրան, քանի որ բանկի հետ Սիրունյանի փաստաբանական գրասենյակի քննարկումների արդյունքում այդ միջոցները հանելու փորձը կանխվել է»:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս