Հունաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը նոյեմբերի 5-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հունաստանի նախագահին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։
Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախագահ Պավլոպուլոսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի նախագահը նաև շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի, չէ որ եթե ցեղասպանությունները մոռացվեն, այդ հանցագործությունները նորից կկրկնվեն: Սա ուղերձ է Երևանից բոլորին: Տեսնում ենք, որ աշխարհում նմանատիպ իրադարձությունները կրկնվում են, և կան անձինք, ովքեր թշնամի են մարդուն և քաղաքակրթությանը: Մենք վերապրել ենք նույն սարսափը, ինչ հայերը: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին և կառավարությանը մեզ հյուրընկալելու համար, որովհետև հայ-հունական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և մենք պետք է պահպանենք այս ընդհանուր հիշողությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հունաստանի նախագահը:
Այնուհետև Պրոկոպիոս Պավլոպուլոսը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց: