«Լարվածությունն այն աստիճան չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին». Անդրանիկ Քոչարյան
«Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի, եթե պետք լինի, Հայաստանը և՛ կխոսի, և՛ այդ հարցը կբարձրացնի, և՛ հարցերի լուծմանը կհասնի: Պարոն Զատուլինը ճիշտ է ասում, բայց չմոռանանք, տարիներ առաջ, երբ մեր սահմանում լարվածություն կար (հիմա էլ կա), Բորդյուժայի հայտարարությունը, ՀԱՊԿ-ը պատրաստ էր որևէ ձևով արձագանքել, եթե դա վերաբերում էր ՀՀ սահմանների պաշտպանությանը»,- այս մասին Պաշտպանության նախարարությունում մեկնարկած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությանը, թե Հայաստանը սահմանային կրակոցների վերաբերյալ իրենց պաշտոնապես ոչինչ չի ասել, որպեսզի իրենք հարցը դարձնեն քննարկման առարկա:
Հարցին, թե գուցե Հայաստանը վստահ չէ՞ իր դաշնակցի վրա, այդ պատճառով էլ չի դիմում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ Հայաստանն առաջին հերթին՝ պետք է վստահ լինի իր վրա:
Նրա կարծիքով՝ ՀՀ զինված ուժերի այսօրվա վիճակը թելադրում է, որ ինքը կարող է առաջին հերթին հենվել իր կարողությունների վրա:
Հարցին՝ այսինքն՝ լարվածությունն այն աստիճանի չէ՞, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իսկ դուք չե՞ք տեսնում, որ լարվածությունն այն աստիճանի չէ: Այս տարի մեր սահմաններում կրակոցներն ավելի քիչ են, քան նախորդ տարիներին էր, հիմա դրա պատասխանը տարբեր ձևաչափերով ու հարթակներում կարելի է գտնել»:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀԱՊԿ համաժողովի ընթացքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրաձայնվել, քանի որ այն բարձրացնելու և քննարկելու հարցն այս հարթակում չի որոշվում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը վատ է, սակայն չպետք է մոռանալ, որ նմանատիպ սպառազինությամբ հագեցած է նաև ՀՀ զինված ուժերը:
«Խնդիրը խաղաղության հասնելն է, խնդիրը զենքի մեջ չէ, զենքի հավասարակշռության հարցը մշտական օրակարգային է, և զինատեսակի առումով հակառակորդը պետք է առավելություններ չունենա: Բայց չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի բյուջեային հատկացումները, զինված ուժերի կառուցվածքը մի քիչ այլ է: Վերջիվերջո, նրանք պահում են կովկասյան նավատորմ, որը բացարձակապես չի մտնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության մեջ»,- նշեց Ա. Քոչարյանը:
Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու փաստը պետք է դարձնել օրակարգային հարց, Ա. Քոչարյանն ասաց, որ, եթե Վ. Հարությունյանը նման բան է ասում, ապա հաշվի առնելով նրա փորձն ու կապերն այդ կառույցների հետ՝ պետք է ընդունել ի գիտություն: Սակայն պետք է ուսումնասիրել նաև, թե Հարությունյանն ինչ նկատի ունի
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան