Հայաստանում համացանցն ազատ է. հրապարակվել է Freedom House-ի ամենամյա զեկույցը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատությունը 2019 թվականին» զեկույցը (Freedom on the Net 2019)՝ «Սոցիալական մեդիայի ճգնաժամ» վերտառությամբ, որում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, շարունակում է զբաղեցնել «ազատ» երկրների շարքը 76 միավորով: Հայաստանն իր այս ցուցանիշով Եվրասիայում առաջատարն է ճանաչվել:  Տարածաշրջանում զեկույցի հեղինակների խոսքով՝ ազատ է նաև Վրաստանը, որը վաստակել է 75 միավոր:  Հայաստանի հարևան մյուս երկրները, զեկույցի համաձայն, ոչ ազատ են. Իրանը՝ 15, Ադրբեջանը՝ 39 և Թուրքիան՝ 37 միավորով:

Ուշագրավ է նաև Ռուսաստանի ցուցանիշը, որն այս տարի 31 է: Տեղեկացնենք, որ զեկույցում ազատ են համարվում 70-100, մասամբ ազատ՝ 40-69, ոչ ազատ՝ 0-39 միավոր վաստակած երկրները: Զեկույցի հեղինակներն ամփոփել են  2018 թվականի հունիսից 2019-ի մայիսն ընկած ժամանակահատվածի տվյալները՝ վերլուծելով համացանցի վիճակը 65 երկրներում:

Առցանց ազատության չափանիշերը երեքն են՝ առցանց մուտքի իրավունքի սահմանափակումներ, առցանց բովանդակության սահմանափակումներ և անցանց իրավունքների խախտում, այդ թվում՝ հսկողություն անձանց առցանց գործունեության  նկատմամբ, կամ այդ գործունեության հետևանքով քրեական և այլ հետապնդում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում շարունակվում են 2018 թվականի  Թավշյա հեղափոխության սանձազերծած դրական փոփոխությունները:

Ուսումնասիրության մեջ նշված է.

«Բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բովանդակության սահմանափակումներն և օգտատերերի իրավունքների ոտնահարումը նվազել է: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, ինչպես նաև թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս  Հայաստանը համացանցի առումով «ազատ» է ճանաչվել, իսկ 2017-ին՝ «մասամբ ազատ»:

Հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս