Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրական արդյունք են բերում. Փոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պնդում է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին եւ ստիպում են նրա ղեկավարությանը՝ կրճատել ծախսերը: Այդ մասին պետքարտուղարը հայտարարել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Փոմպեոն, ԱՄՆ-ը «պետք է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Իրանի մուսուլման ղեկավարներն ստիպված են լինում ավելի ու ավելի դժվարին որոշումներ ընդունել իրենց բյուջեի վերաբերյալ»,-ասել է նա:
ԱՄՆ-ի պետքարտուղարը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները կխստացնեն քաղաքականությունն Իրանի նկատմամբ: «Կարծում եմ՝ եվրոպացիները կհասկանան, որ իրանցիներն ընթանում են ոչ ճիշտ ուղղությամբ»,-ասել է նա: Փոմպեոն հանդես է եկել պնդումով, որ Թեհրանը փորձում է «միջոցներ շորթել Եվրոպայից ու Արեւմուտքից»:
Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաեւ երկրի ինը քաղաքացիների, որոնց թվում է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, եւ իրանական իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Ցուցակում են, մասնավորապես, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաեւ մի ամբողջ շարք գեներալներ, հոգեւորականներ եւ պաշտոնյաներ: Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության եւ իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության մասին: «Նման գործողությունները խոսում են միայն այդ ռեժիմի հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անկարողության մասին»,- Մուսավիի խոսքը մեջբերել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: