Բաժիններ՝

ԱՄՆ-ի վարչակազմում միջուկային շանտաժ են համարել Իրանի կողմից նոր ցենտրիֆուգների գործարկումը

ԱՄՆ-ն Իրանի կողմից ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգների գործարկումը համարում է միջուկային շանտաժ եւ փորձ՝ ստիպելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակիցներին՝ գնալ զիջումների: Այդ մասին բրիֆինգի ընթացքում լրագրողներին հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Դա միջուկային շանտաժի շարունակումն է: Իրանը փորձում է համաձայնագրի եվրոպական մասնակիցներին ստիպել գնալու զիջումների»,- ասել է պաշտոնյան: Վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ պնդել է, որ Իրանը հիմքեր չունի շարունակելու ուրանի հարստացման ծրագիրը: «Դա ոչ ճիշտ ուղղությամբ արված քայլ է, ինչն ընդգծում է իրանական ռեժիմի կողմից շարունակվող վտանգը խաղաղության ու անվտանգության համար»,- ասել է նա:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նոյեմբերի 4-ին հայտնել Է, որ Իրանը 30 նոր ցենտրիֆուգ Է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Նրա խոսքով՝ Թեհրանը «ձեռնամուխ Է եղել կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգների գործարկմանը ուրանի հարստացման համար»:

Սալեհին հավելել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել է տասն անգամ: «Մենք չէինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,-նշել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս