Իրաքում շարունակվող անկարգությունների պատճառով անջատել են Ինտերնետը
Բաղդադը եւ Իրաքի շրջանների մեծ մասն անջատված է Ինտերնետից երկրում անկարգությունների սաստկանալու պատճառով: Այդ մասին ասված է NetBlocks միջազգային ոչ կառավարական կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Նրա տվյալներով՝ համաշխարհային ցանցից մեկուսացվել են Բաղդադի, Բասրայի, Քերբելայի եւ այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր բնակիչներ: Նշվում է, որ համացանցի անջատումը ամենաընդգրկունն է դարձել երկրում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր: Սահմանափակումները չեն վերաբերել երկրի հյուսիսում քրդերով բնակեցված տարածքներին:
Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել: Բաղդադում, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը: Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: Մեկշաբաթյա անդորրից հետո ցույցերը վերսկսվել են ինչպես Բաղդադում, այնպես էլ երկրի կենտրոնական ու հարավային մասերի մի շարք նահանգներում, որոնք բնակեցված են առավելապես շիաներով: Ակցիաների մասնակիցները բողոքում են կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում տիրող կոռուպցիայի դեմ:
Մեկ ամսվա ընթացքում Իրաքում բռնության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 260 մարդ, տուժածների թիվը գերազչանցում է 11 հազարը: Իրաքի վարչապետը ցույցերի վերսկսվելուց առաջ ցուցարարներին հայտնել էր նախարարների կաբինետում վերադասավորումներ անցկացնելու եւ ընտրությունների մասին օրենքը փոխելու պլանների մասին:
Միեւնույն ժամանակ նա հայտարարել էր, որ ամբողջ կառավարության հրաժարականը երկիրը կներքաշի քաոսի մեջ: Ավելի վաղ իշխանությունները վերադասավորումներ էին կատարել այն նահանգների անվտանգության մարմինների ղեկավարության կազմում, որտեղ սաստկացել էին բողոքները: