Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ ջանքերով։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել միջոցառմանը ներկա կոնգրեսականներին՝ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ․ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին սատարելու համար։
Իր ելույթում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության, հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Միջոցառմանը ելույթ ունեցած կոնգրեսականները վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։
Կոնգրեսի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը հանդիսավոր կերպով Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին են փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի կրկնօրինակը։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները։