«Փաշինյանի «ղամիշլիական» քծնանքը Պուտինին». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի «ղամիշլիական» քծնանքը Պուտինին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան Коммерсантъ-ին և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ վերջինս, հաշվի առնելով Փաշինյանի խնդրանքը սիրիական Էլ-Քամիշլիում (Ղամիշլի) բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու առումով, կատարել է Հայաստանի վարչապետի խնդրանքը և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում հասել նրանց անվտանգության ապահովմանը…
Կամ պարոն Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում աշխարհաքաղաքական գործընթացներից, որոնց արդյունքում բավականին վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում Մեծ Մերձավոր Արևելքում, կամ էլ պարոն Փաշինյանը միտումնավոր քծնում է ՌԴ նախագահին մի բանի համար, որը նա չի էլ արել…
Արդեն հիմա կարելի է պարզ ասել. Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից 22-ը Սիրիայի հյուսիսում իրականացված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան մինչ Անկարայի կողմից սկսելը այն գրեթե համաձայնեցված է եղել բոլոր շահագրգիռ կողմերի՝ Սիրիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի հետ…
Թուրքիան Սիրիայի հյուսիսում որպես ազդեցության գոտի ստացավ այն տարածքները, որոնք նրան պատրաստ էին հատկացնել ՌԴ-ն և ԱՄՆ… Ոչ ավելին… Արդյունքում, թուրքական բանակն իր վերահսկողությունը սահմանեց թուրք-սիրիական սահմանի 32 կիլոմետր երկայնքով և 10 կիլոմետր խորությամբ՝ Թել- Աբյադից Ռաս ալ-Այն ընկած տարածքների նկատմամբ, որոնք նախկինում վերահսկվել են YPG-ի և PYD-ի քուրդ զինյալների կողմից… Ասադի իշխանությունը և ՌԴ-ն, թուրքական ներխուժումից օգտվելով, իրենց վերահսկողությունը սահմանեցին նախկինում միայն քրդերի կողմից վերահսկվող Մանբիջի և նույնանուն շրջանի բազմաթիվ գյուղերի, Տիշրինի ամբարտակի, Թաբկա քաղաքի և նրա արվարձանում գտնվող նույնանուն ավիաբազայի նկատմամբ… Սիրիական կառավարական զորքերը ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցրեցին Ալ-Հասաքայի նահանգի նույնանուն մարզկենտրոնը և մարզի բազմաթիվ բնակավայրեր… ԱՄՆ-ն, որն Անկարայի կողմից ռազմական օպերացիան սկսելուց հետո ձևականորեն դուրս էր բերել իր զորքերը Սիրիայի հյուսիսից և պատժամիջոցներ սահմանել Անկարայաի նկատմամբ, հիմա վերադարձնում է իր զինվորներին Սիրիա՝ Ալ-Հասաքա մարզի հարավում և Դեյր-էլ-Զոր նահանգի արևելքում գտնվող նավթի և գազի հանքերի անվտանգության ապահովման պատրվակով, որն իրականում այդ հանքերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելն է և չեղարկում է պատժամիջոցները… Ռազմավարական նշանակություն ունեցող 200 հազար բնակչությամբ Էլ-Քամիշլի քաղաքը, որը գտնվում է Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի սահմանագլխին, ոչ ոք Թուրքիային չէր նվիրելու, որ պարոն Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Պուտինին` այնտեղ գտնվող 3000 հայերի անվտանգությունն ապահովելու համար…
Անկարան իր կողմից Սիրիայի տարածքում իրականացված երեք ռազմական օպերացիաների ժամանակ գերադասել է անմիջական բախում չունենալ սիրիական կառավարական ուժերի հետ, որոնց թիկունքում կանգնած են ՌԴ-ն և Իրանը… Շատ վատ է, որ պարոն Փաշինյանը չգիտի, որ նույնիսկ 2014-15 թթ-ներին, երբ սիրիական բանակը պարտություններ էր կրում ահաբեկիչներից և բազմաթիվ բնակավայրեր էին անցնում Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և արաբական բազմաթիվ երկրների կողմից հովանավորվող ահաբեկիչների վերահսկողության տակ, ռազմավարական նշանակություն ունեցող Էլ-Քամիշլի քաղաքի մեծ մասը, քաղաքի միջազգային և ռազմական օդանավակայանները և քաղաքը շրջապատող մոտ հինգ տասնյակից ավել բնակավայրեր միշտ վերահսկվել են Ասադի կառավարության կողմից և Անկարայի կողմից իրականացվող վերջին ռազմական օպերացիայի ժամանակ Էլ-Քամիշլիին որևէ վտանգ չի սպառնացել…
Թուրքիան շատ լավ գիտեր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ն ինչ «կարմիր գիծ» են գծել իր համար… Էլ-Քամիշլին այն «Ռուբիկոնն» էր, որն անցնելու դեպքում Էրդողանը կպատժվեր… Պարոն Փաշինյանի՝ Պուտինին հասցեագրված անիմաստ «ղամիշլիական» շնորհակալությունն ավելի շատ քծնանք է հիշեցնում…
Ի դեպ, նույն հարցազրույցում պարոն վարչապետը կոնկրետ պատասխան չի տվել գազի գնի վերաբերյալ ռուսաստանցի լրագրողի հարցին, որը շատ տարօրինակ է, քանի որ հայաստանյան հասարակությանն այդ հարցը շատ է հետաքրքրում, իսկ երկու ամսից կավարտվի Գազպրոմի և ՀՀ-ի միջև գազի գնի վերաբերյալ պայմանագիրը… Սպառողներն անորոշ վիճակում են, իսկ ջեռուցման սեզոնն արդեն սկսվել է Հայաստանի որոշ շրջաններում… Պարոն Փաշինյանը Պուտինին թող շնորհակալություն հայտնի այն ժամանակ, երբ հօգուտ հայաստանցի սպառողների կլուծվեն գազի գնի վերաբերյալ բանակցությունները, երբ ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով անձանց թույլ կտան աշխատել և շատ այլ հարցերի կարգավորման դեպքում…
Հ.Գ. Որքան շատ է Հայաստանի վարչապետը խոսում հայ-ռուսական հիանալի հարաբերությունների մասին, այնքան շատ են կասկածները, որ այդ հարաբերությունները բնավ հիանալի չեն…»: