Արմինե Դավթյանը նախարարությանը դատի է տվել
«Իրավական առումով ոչ մի հիմք չկար ինձ հեռացնելու, փաստական որևէ հիմք չկար»: Այս համոզմունքով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արմինե Դավթյանը դատի է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը։
Նրան աշխատանքից հեռացրել էին հոկտեմբերի 4-ին, այն բանից հետո, երբ վերջինս ֆեյսբուքյան լայվում խոսել էր «հայելային արտացոլման» մեթոդի մասին և ասել, որ փոքրիկ ապտակը երեխայի համար կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան ժամերով քարոզը:
168.am-ի հետ զրույցում Արմինե Դավթյանը նշեց, որ իր ասածները մեկնաբանվել են կոնտեքստից դուրս:
«Ինձ անհիմն են հեռացրել աշխատանքից: Հեռացրել են անվստահության և մասնագիտական անհամապատասխանելիության հոդվածով, ինչ-որ մեկի ենթադրություններով գրված նամակի հիման վրա:
Պատճառը եղել է իմ ֆեյսբուքյան լայվը, որտեղ իմ ասածները կոնտեքստից դուրս լրիվ այլ կերպ մեկնաբանվեցին, կոնտեքստում և մասնագիտական դաշտում լրիվ այլ ընկալում ունի իմ ասածը»,- ասաց Արմինե Դավթյանը:
Արմինե Դավթյանը դիմել է դատարան՝ իր հեռացման հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատավարձը բռնագանձելու, նախկին աշխատանքում վերականգնելու պահանջով: ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրենը ևս մեկ հայց ներկայացրել է «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամի դեմ, որի նամակի հիման վրա իրեն հեռացրել են: Արմինե Դավթյանը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և օրենքով սահմանված վնասը վճարել:
«Փաստական զրպարտություն կա իրենց նամակում, իրավական հիմնավորմամբ: Ինձ զրպարտում են, որ ես քարոզում եմ բռնություն»,- ասաց Արմինե Դավթյանը:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրենն ասում է՝ եթե դատարանը իր հայցերը չբավարարի, բողոքարկելու է որոշումը:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս արձագանքել էր այս դեպքին՝ ասելով, որ տեսանյութում ակնհայտորեն ներկայացվում են երեխաների նկատմամբ բռնության փաստեր: Ավելին, տնօրենը, ըստ էության, ուսուցիչներին բռնության և երեխաների դաստիարակման իր օրինակին հետևելու կոչ է անում: Դեպքի առթիվ հնչեցին բազմաթիվ հակասական կարծիքներ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ