Դատախազությունը Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ
Դատախազությունը «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպման մասին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ: Այդ մասին 168.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը:
«Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգման նպատակով»,- ասաց դատախազության խոսնակը:
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով:
Այնուհետև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հանդիպել է Հունանյանի հետ և 2 ժամ առանձնազրույց է ունեցել:
««Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:
Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը հասցված այս ահաբեկչական սպանդը չի ներվելու, և որևէ մեկն անպատիժ չի մնալու»,- գրել էր նա:
Հիշեցնենք նաև, որ Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Ն. Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ: Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշել է Նաիրի Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնել:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ