«Դժբախտաբար, հարավկորեացի գործարարները շատ քիչ տեղեկություն ունեն հայկական տնտեսության մասին». դեսպան
Հայ-կորեական 4-րդ գործարար համաժողովին ներկա էր նաև Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ-Բաեն: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ, չնայած այսօր հայ-կորեական ապրանքաշրջանառության թվերը շատ փոքր են, այդուհանդերձ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններ կան:
«Երբ ես հոկտեմբերի 17-ին իմ հավատարմագրերը հանձնեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, պարոն Սարգսյանը ցանկությունը հայտնեց հայ-կորեական երկկողմանի տնտեսական համագործակցությունը բարելավելու համար: Ուզում եմ ասել, որ այսօր ապրանքաշրջանառությունն ընդամենը 18 միլիոն դոլար է, ինչը շատ փոքր թիվ է: Ես կարծում եմ, որ այս թիվը չի արտահայտում երկու երկրների տնտեսությունների ամբողջ պոտենցիալը»,- ասաց դեսպան Լի Սոկ-Բաեն՝ հույս հայտնելով, որ այսօրվա ֆորումը երկկողմ հարաբերությունների հիմք կարող է դառնալ:
«Դժբախտաբար, հարավկորեացի գործարարները շատ քիչ տեղեկություն ունեն հայկական տնտեսության, ներդրումների հնարավորությունների մասին: Բայց պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում բարելավել է ներդրումների հնարավորությունները: Եվ ես հույս ունեմ, որ կորեացի գործարարները կկարողանան գտնել շատ լավ հնարավորություններ իրենց բիզնեսը Հայաստանում զարգացնելու համար: Հույս ունեմ, որ նաև հայ գործարարները Կորեայում կկարողանան իրենց բիզնեսը կառուցել»,- ասաց դեսպանը՝ անդրադառնալով Հայաստանի ներդրումային գրավչությանը:
Հիշեցնենք, որ Կորեայից Հայաստան են ներմուծվում երկաթե հարթ գլանվածքներ, պրոպիլեն, ավտոմեքենաներ, իսկ Հայաստանից Կորեա է արտահանվում հիմնականում գինի, շամպայն: Արտահանվում են նաև հուշարձանների ու շինարարական հղկված քարեր, օպտիկական մանրաթել, սակայն դրանք կազմում են արտադրանքի շատ փոքր մասը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ