«Արփինե Հովհաննիսյանը բան է բացահայտել՝ սպասում եմ մյուս կողմի արձագանքին». Մարուքյան

Օրերս Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքներին:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի այս գրառմանը և հարցին՝ հնարավո՞ր է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանակության հարցը բարձրացնեն, նշեց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ բավականին երկար զբաղվել են «Հաց բերողի» գործով:

«Անդադար այցելել ենք նրան, հետո գնացել ենք գլխավոր դատախազի մոտ, որպեսզի նրան ազատ արձակեն մեր երաշխավորությամբ, սակայն խնդրանքը մերժվել է:

Դրանից օրեր անց՝ «Ելքի» քարոզարշավի ժամանակ, մեզ զանգահարեցին ու կանչեցին Գլխավոր դատախազություն, քանի որ ուզում էին մեր միջնորդությունը բավարարել: Ես ու Նիկոլը գնացինք, և յուրաքանչյուրս կես միլիոն վճարեցինք, չեկերը վերցրեցինք ու գնացինք դատախազություն, որպեսզի մեր երաշխավորությունն ընդունվի, միայն դրանից հետո են Արթուր Սարգսյանին ազատ արձակել: Մեր ամբողջ վեճն այն է, որ ասում էինք՝ եթե առաջին անգամ մեր խնդրանքը բավարարեին, գուցե նրա մահը չլիներ»,- նշեց Է. Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իրենք գնացել են բացառիկ քայլի, սակայն այն չի գնահատվել, քանի որ «Հաց բերողին» ազատ չեն արձակել, իրենց քայլը գնահատվել է միայն 25 օր անց:

Կարդացեք նաև

Ըստ նրա, Արփինե Հովհաննիսյանն իր գրառման մեջ անուն առ անուն նշել է, թե ով պետք է պատասխան տա, դժվարանում է ասել, այդ բոլորը պատասխանատունե՞րն են, թե՞ ոչ, սակայն այդ ամենը պետք է դառնա քննության առարկա:

«Միանշանակ է, որ Արդարադատության նախարարը մարդ բռնող ու բաց թողնող չէ, հետևաբար՝ պետք է լինի բաց ու թափանցիկ քննություն: Հիմա ես սպասում եմ մյուս կողմի արձագանքին, այսինքն՝ Արփինե Հովհաննիսյանը բան է բացահայտել, հիմա պետք է մյուս կողմն արձագանքի: Այստեղ գլխավոր դատախազի զեկույց է լինելու, գալու է, չէ՞, խորհրդարան: Մենք հետևողական ենք լինելու հաստատ, այդ պատասխանները պետք է տան»,- հավելեց Է. Մարուքյանը:

Նա նաև նկատեց՝ այս դեպքում սլաքն ուղղվում է իրավապահ համակարգին՝ գլխավոր դատախազից սկսած՝ մինչև վերջին քննիչ:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս