Բաժիններ՝

ՀՀ պատվիրակությունը Փարիզում քննարկել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Ֆրանսիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին Փարիզում ունեցավ հանդիպում ֆրանսիացի գործընկերների հետ։

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ Ֆրանսիայի օտարերկրացիների գլխավոր վարչության ներգաղթի բաժնի տնօրեն Հյուգ Բեզանսնոն, պատվիրակության կազմում էին ներգաղթի վարչության արտոնագրերի ենթավարչության ներկայացուցիչ Ալեքանդր Դիբոլտը, ապաստանի իրավունքի և պաշտպանության վարչությանապաստանի բաժնի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դուբլեն։

Հանդիպմանը ՄԱԱԵ մեկնարկի շուրջ ծավալվեցին բովանդակային քննարկումներ և տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Ֆրանսիայում ապաստանի հայցերի վիճակագրությանը, ընթացակարգերին, ընունելության նյութական պայմաններին, ապօրինի ներգաղթի և ցանցերի դեմ պայքարին, հարկադիր վերադարձի ենթական քաղաքացիների վիճակագրությանը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի դիմումներին, տեսակներին, հայցադիմումների ուսումնասիրության գործընթացներին։

Հայկական կողմն ընդգծեց ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Ծառայության պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, խոսեց հարկադիր և կամավոր վերադարձի աճող տեմպերից, ոլորտում իրականացվող ծրագրերից։ Մասնավորապես ներկայացվեց վերջերս հանրային քննարկման դրված ծրագրի նախագիծը՝ ուղղված հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հրատապ վերաինտեգրման աջակցությանը։

Հ. Բեզանսնոն իր հերթին գոհունակություն հայտնեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծեց շփումների շարունակականության ապահովման կարևորությունն ինչպես երկխոսության մեկնարկից առաջ, այնպես էլ դրանից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս