«Այս երևույթներից տեղս չեմ գտնում…». Տարոն Տոնոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին արցախյան պատերազմի մասնակից Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Սա որոշ դաշնակցականներ որակեցին՝ կադրային ջարդ, որը շարունակվում է հատկապես ՀՅԴ անդամների նկատմամբ:

168.am-ի հետ զրույցում բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանն ասաց, որ դեռևս չի կարող ասել, թե իրենց ընկերն ինչ պատճառով է ազատվել աշխատանքից,  որովհետև դեռ չեն հասցրել տեղեկություն ստանալ կամ քննարկել այդ հարցը:

– Առհասարակ, այսօր արցախյան պատերազմի մասնակիցները, հերոսները արժանի ձևով գնահատվո՞ւմ են:

Եթե մեկ բառով ասեմ՝ ոչ: Այսօր արցախյան ազատամարտի մասնակիցներին գնահատելը ոչ այնքան նրանց է պետք, որքան աճող սերնդին, մեր հայրենիքի ապագային, որն այսօր, ես տեսնում եմ՝ խիստ վտանգված է: Մեր երկրի մեջ արժեքը դարձել է 2018-ի ապրիլ-մայիսի հեղափոխությունը, դրանից ավելի բարձր արժեք չկա: Ես սա եմ տեսնում:

Կարդացեք նաև

– Ի՞նչ կասեք Արցախի հերոսների և ՀՀ իշխանությունների, քաղաքական տարբեր ուժերի միջև երբեմն դուրս մղվող հակասության մասին: Մեղավորությունը երկու կողմի՞նն է, թե՞…

– Դա շատ ծավալուն թեմա է, անհատական մոտեցում, առանձին գնահատական է պետք յուրաքանչյուրին: Բայց այն, որ ընդհանուր առմամբ արժեզրկվում է հայրենիքի պաշտպանի գաղափարը, մարդիկ, որոնք իրենց կյանքը և առողջությունն են նվիրել, դա միանշանակ է: Այդ տեսակը չի հարգվում, չի խրախուսվում, և սա լի է լուրջ վտանգներով:

– Պատերազմով անցած անձանց քաղաքականություն մտնելուն ինչպե՞ս եք վերաբերվում, արդյոք ամեն մեկը կարո՞ղ է քաղաքացիական կյանքում իրեն ճիշտ դրսևորել, քաղաքական գործիչ դառնալ:

– Պատերազմով անցած մարդը նույնպես քաղաքացի է և կարող է մտնել քաղաքականություն, մանավանդ, որ պատերազմով անցած մարդը լուրջ փորձառություն ունի, ավելին, բավականին լուրջ կամք և բնավորություն ունի դրա համար: Կարծում եմ՝ իրենց մեծամասնությունը նաև շիտակ մարդիկ են և ազնիվ: Ես սա դրական կողմով եմ ասում: Օրինակ, ես բժիշկ եմ, բայց եղել է ժամանակ, որ փորձել եմ մտնել քաղաքականություն, ՀՅԴ ցուցակով դառնալ ԱԺ պատգամավոր: Դա անճարությունից է: Այսինքն՝ դու մտածում ես, որ քո բժիշկ չլինելու բացը լրացնողներ կլինեն, բայց քաղաղաքականության մեջ տեսել ես այդ մեծ բացը և փորձել ես այդպես լրացնել այն՝ անձնական զոհաբերությունների հաշվին: Ես գյուղերն ընկած ավելի շատ քարոզում էի՝  փող մի՛ վերցրեք, մի՛ վնասեք մեր երկրի ապագայի անվտանգությունը:

– Գործող  իշխանությունն ասում է, որ խորհրդարանական վերջին ընտրությունն ամենաարդարն է եղել, մարդիկ փողով չեն ընտրել:

Ես ընդունում եմ դա: Եվ ոչ միայն ընդունում եմ, այլև՝ գնահատում: Բայց մի ուրիշ բան կարող եմ ասել. եթե հանկարծ մյուս ընտրություններին փող բաժանեն, թույլտվություն լինի, ժողովուրդը նորից փող է վերցնելու:

– Այսինքն՝ հասարակության գիտակցությունը դեռ պիտի փոխվի:

– Պետք է ձևավորվի էլիտա, որն օրինակ կծառայի մեր ժողովրդին: Իսկ այսօր… գոնե նախորդ իշխանությունների ժամանակ արվեստագետը գնահատվում էր, հիմա իրենք, իրենցից բացի, ուրիշ ոչ մեկի չեն տեսնում: Ես ցավում եմ, գիտեմ, որ երիտասարդ են, դա բնորոշ է երիտասարդությանը, բայց երկիրը փորձադաշտ չի:

– Բայց նախորդ իշխանությունների ժամանակ էլ կային որոշ արվեստագետներ, որ գնահատված չէին, այսինքն՝ որոշակի խումբ էր գնահատվում, տներ և մեդալներ ստանում, հիմա էլ այլ խումբ է գնահատվում, մեծ հաշվով:

– Թե այն ժամանակ, որ խումբն էր գնահատվում… իսկ մյուս ձեր ասածն արատավոր երևույթ է: Բայց ես այսօր հստակ այդ միտումը տեսնում եմ…: Թեմայից շեղվեմ և անդրադառնամ ՍԴ-ի շուրջ զարգացումներին, ինչպես նաև Հրայր Թովմասյանին: Տպավորություն է, որ մեր ազգի բոլոր խնդիրները լուծված են, մնացել է Հրայր Թովմասյանը, և, եթե նրան բռնենք, բոլոր հարցերը լուծվելու են, լավ ենք ապրելու, մեր երկիրը, ասենք, ունենալու է առնվազն 90-100 տանկ:

– Իսկ այն, որ վիրահատության ընթացքից կամ գուցե իր նախընտրած ժամին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել

– Երկուստեք լսել եմ: Ես մի փաստ արձանագրեմ՝ սկզբից մի հոդվածով տանում են, հետո զգում են, որ դա համաներման տակ է ընկնելու, փոխում են իրենց որոշումը: Սա ինձ վախեցնում է՝ որպես ՀՀ քաղաքացի, և հստակ երևում է, որ արդարադատությունն ընտրովի է, ոչ թե հավասար:

Ինչ վերաբերում է Բաբլոյանին, գիտենք նրա վաստակը մեր ժողովրդին, բժշկագիտությանը, ՀՀ-ին, այդքան երեխաներ է վիրահատել, կյանքեր փրկել: Ի՞նչ է նշանակում այդ հապճեպությունը, որ պետք էր անպայման լյարդի փոխպատվաստման բացառիկ վիրահատության օրը, երբ դրսից մարդ կար հրավիրված, տանեին հարցաքննության: Այս երևույթներից տեղս չեմ գտնում:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս