Բաժիններ՝

«Նախարարությունն ի վիճակի չէ, պահուստային ֆոնդից են գումար ուզելու». Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի 800.000 դրամը դեռ չեն վճարել

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մեզ հետ զրույցում դժգոհություն էր հայտնել՝ նշելով, որ դատարանի որոշումը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) մինչ օրս չի կատարել, ավելին, շուրջ 10 ամիս աշխատակազմն աշխատավարձ չի ստացել, իսկ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարն այդպես էլ աշխատանքի չի գնացել:

«Այնտեղ դատական պրոցեսներ կան, բավականին բարդ գործընթաց է, հանձնարարություն կա, որ դրանով զբաղվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք ամբողջ կոլեկտիվով դիմել ենք դատարան»,- նկատեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը:

Գայանե Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ ևս մեկ գործ է կարճվել, որը կապված էր իր կողմից կնիքը, տարածքը չհանձնելու հետ:

«Ես կրկին հաղթեցի. ևս մեկ անգամ հաստատվեց, որ ես ճիշտ եմ: Ապացուցվեց, որ օրենքի տառին համապատասխան՝ ես  իմ գործառույթները կատարել եմ: Փետրվար թե մարտ ամսին Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էր դեռ դիմել դատարան, գործը քննվում էր՝ ինքնիրավչության, կնիք չհանձնելու հետ կապված. հոկտեմբերի 15-ին գործը կարճվեց»,- մեզ հետ զրույցում հայտնեց Գայանե Կարապետյանը:

Հիշեցնենք՝ դատարանն անվավեր է ճանաչել նաև մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 4-ին և ուժի մեջ է մտել օգոստոսի 4-ին: Արձանագրվել է, որ նրան աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)) տուգանել են 800.000 դրամով ու չեղյալ են համարել հրամանը:

«800.000 դրամը մինչև հիմա չի վճարվել, նախարարությունն ի վիճակի չէ, պահուստային ֆոնդից են գումար ուզելու, որպեսզի վճարեն տույժ-տուգանքը»,- նկատեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս