«Եկամուտները չհայտարարագրած երգչուհու գործը նախաքննական փուլում է». ՊԵԿ նախագահ
Հոկտեմբերի 10-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով երգիչ-երգչուհիների եկամուտների հայտարարագրմանը՝ ասել էր, որ 9 երգիչ-երգչուհիների ուղարկվել է նամակ՝ եկամուտները հայտարարագրելու հորդորով:
«Նշված 9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ նախնական հաշվարկ է կատարվում, հավանաբար նոր քրեական գործ կհարուցվի: Մնացած երկուսն արտասահմանում են, գալու են և հայտարարագրեն իրենց եկամուտները։ Կապ են հաստատել մեզ հետ, ասել են՝ մեր նամակի հետ կապված որոշակի անհամաձայնություններ ունեն, բայց կգան կքննարկեն, և, եթե կպարզվի, որ հայտարարագրման ենթակա գումար կա, իրենք կհայտարարագրեն»,- նշել էր ՊԵԿ նախագահը։
Այս հայտարարությունից հետո լուրեր շրջանառվեցին, որ երգչուհին, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել, Լիլիթ Հովհաննիսյանն է։
Այսօր Կառավարությունում լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին, թե այդ գործն ի՞նչ փուլում է։ Հարցը լսելուց հետո նա զարմացավ.
«Դուք ենթադրում եք, որ հարուցված քրեական գործն առնչվում է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի՞ն։ Եթե մամուլն է այդպիսի բան գրել, ապա մամուլից էլ հետաքրքրվեք։ Այդ գործը նախաքննության փուլում է, և քանի որ հարուցված է քրեական գործ, երգչուհու անուն տվեցիք, ես ընդհանրապես իրավունք չունեմ որևէ ձևով արտահայտվել, որպեսզի հետևություններ չանեք»,- շեշտեց նա։
Դիտարկմանը, որ երգչուհին արդեն մեկնաբանել է այս ամենը և ասել, որ, եթե այդքան մեծ գումար ունենար, ապա կգնար թոշակի, ՊԵԿ նախագահը կատակեց՝ այդ տարիքում թոշակի գնալը լավ չէ։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ խնդիրը հասնի նրան, որ այդ երգչուհուն ձերբակալեն, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ամեն կերպ ուզում եք անո՞ւն կորզել։ Այս պահին ամենակարևոր մարդը քննիչն է, նա իր գործողությունների ընթացքում կխորհրդակցի վերահսկող դատախազի հետ, եթե անհրաժեշտ լինի՝ կգնա դատարան, և այլն, սրանք պրոցեդուրաներ են, որ նախաքննությունը ցույց կտա»:
Նա նաև հավելեց, որ մշակույթի գործիչներն արդեն աջակցում են ՊԵԿ-ին, որպեսզի հարկերի վճարման մշակույթը կայանա։
Հաջորդ հարցին՝ հայտնի հանդիսավարներից որևէ մեկն արձագանքե՞լ է ՊԵԿ-ի կոչին, Անանյանը պատասխանեց, որ հայտնի հանդիսավար չգիտի։
Բերված օրինակին, որ Հրայր Թոխատյանն էլ է հայտնի հանդիսավար, ՊԵԿ նախագահը հակադարձեց, որ նա, առաջին հերթին՝ ժողովրդական արտիստ է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան