Չնայած ՔԿԾ խոսնակի հավաստիացումներին` դատապարտյալի մոտ հեռախոս է հայտնաբերվել
Արդարադատության նախարարի հրամանով այսօր «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն: Արդյունքում՝ բանտարկյալ Աշոտ Իսախանյանի մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն:
Նախարարության հայտարարության համաձայն՝ նախարարի հանձնարարականով կատարված գործողությունները պայմանավորված են լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներով, ըստ որոնց, դատապարտյալ Աշոտ Իսախանյանը սոցիալական ցանցի իր էջում որոշակի պարբերականությամբ գրառումներ է կատարում:
Հիշեցնենք, որ 168.am-ը նախարար Ռուստամ Բադասյանից դատապարտյալ Աշոտ Իսախանյանի իրականացրած գործունեության, այն է՝ սոցիալական ցանցերում մարդկանց ահաբեկող գրառումների մասին, մեկնաբանություն էր խնդրել հոկտեմբերի 21-ին՝ Քրեակատարողական ծառայության 100-ամյակի հանդիսավոր նիստից հետո:
Նախարարը հարցին ի պատասխան՝ ասել էր, որ դեպքից տեղյակ չէ, կտեղեկանա մանրամասներին և հանձնարարականներ կտա:
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, 168.am-ը կապ էր հաստատել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ, որը, 168.am-ի հարցերին ի պատասխան՝ վստահեցրել էր, որ այս պահին բանտարկյալ Աշոտ Իսախանյանի մոտ հեռախոս չկա, այն առգրավվել է ամիսներ առաջ, և կարծիք էր հայտնել, որ հնարավոր է՝ իրեն Արցախի հերոս համարող Աշոտ Իսախանյանի էջն այլ մարդիկ են օգտագործում:
Արդարադատության նախարարության հրապարակումից հետո մենք փորձեցինք կապ հաստատել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ՝ հասկանալու համար այս երկու հայտարարությունների միջև հակասությունը, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Իսկ հանրային կապերի բաժնի աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ ՔԿԾ խոսնակը տեղում չէ, կես ժամ անց կպատասխանի մեր հարցին, սակայն մինչ այս պահը Նոնա Նավիկյանի հեռախոսը լռում է:
Ինչևէ, փաստենք, որ այս հարցում մենք ճիշտ էինք, ՔԿԾ-ն՝ սխալ, Արդարադատության նախարարությունը՝ հետևողական:
Աքսաննա Հայրապետյան