Բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին
Երևանի պետական կոնսերվատորիայի նախկին ուսանող, բարիտոն Արսեն Սողոմոնյանի մենակատարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկայացնելու է բարեգործական համերգ: Համերգի ողջ հասույթը փոխանցելու են «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: .«Սա գեղեցիկ ու հեքիաթային մի ծրագիր է, որը կհետաքրքրի ոչ միայն դասական երաժշտության սիրահարներին, այլև երիտասարդներին»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Մոսկվայի Ստանիսլավսկու և Դանչենկոյի անվան թատրոնի օպերային երգիչ Արսեն Սողոմոնյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ այդ համերգի առաջին բաժնում հնչելու է դասական երաժշտություն (Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայի նախերգանքը և Ֆիգարոյի արիան, Վերդիի «Դոն Կառլոս» օպերայի Ռոդրիգոյի արիան, Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայից` նախերգ և արիան, Չայկովսկու «Պիկ թագուհին» օպերայի Յելեցկու արիան), երկրորդ բաժնում` Առնո Բաբաջաբյանի երգերից, Նեապոլիտանական երգերից, Ա. Լարայի «Գրանադա»-ն:
«Ես այն կարծիքին եմ, որ արտասահմանում կայացած հայ մարդը Հայաստանում չպետք է համերգներ ունենա` սեփական միջոցներն ավելացնելու համար: Ուստի իմ համերգի տոմսերի գինը պետք է ունենա իր արդարացումը`գումար փոխանցել այդ հիմնադրամին, որպեսզի մեր երեխաներն առողջ լինեն: Չգիտեմ, թե քանի երեխայի կարող ենք օգնել, բայց քանիսին էլ որ օգնենք, կլինի մեր հոգու պարտքը»,- ասաց օպերային երգիչը: «Նվիրիր կյանք»-ը արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամ է, որի պատվավոր նախագահը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է: