«Նաիրի Հունանյանը և իր խմբի անդամները չէին կարող հոգեկան խնդիրներ չունենալ». Անդրանիկ Քոչարյան
«Ես գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել է Նաիրի Հունանյանի մայրը, որը մի քանի տարի առաջ մահացավ անհայտ պայմաններում, թե հայտնի՝ չգիտեմ, բայց նման խնդիրներ ունեցել է: Հոգեկան խնդիրներ ունեցել է նրա մորեղբայրը, որը մեկուսարանում անհայտ պայմաններում կախվեց: Հոգեկան խնդիրներ Նաիրի Հունանյանը և իր խմբի անդամները չէին կարող չունենալ, որովհետև հոգեկան խեղումներով մարդկանց են միշտ օգտագործում նման հանցագործությունների մղելու համար»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակվելու դիմումին:
Նա տեղեկացրեց, որ Նաիրի Հունանյանի հետ չի տեսակցել և ցանկություն էլ չունի նրան տեսնելու:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատվելու դիմումը ազդակ է, որ նա Հոկտեմբերի 27-ի հետ կապված ասելիք ունի, Անդրանիկ Քոչարյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ կարող է այլ ազդակ լինել:
«Հնարավոր է՝ ինչ-որ մարդիկ իրեն հույս են տվել, որ կարող է վաղաժամ հայտնվել ազատության մեջ, սակայն դրանք հաստատ մեր հետ առնչություն չունեն: 20 տարի շարունակ մենք սպասել ենք «Հոկտեմբեր 27»-ի բացահայտմանը»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու՝ ներկայիս իշխանությունների անելիքներին, Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ միշտ ասել է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին միշտ հիշվում է Հոկտեմբերի 27-ից առաջ և հետո, սակայն հասարակության մեջ միշտ էլ մնում է դեպքի բացահայտման պահանջը:
«Երբ Միացյալ Նահանգներում էի, կարծում էի, թե բոլորին հետաքրքրում է Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը, քանի որ այդ ժամանակ թարմ էին այդ գործի փաստահավաք խմբի զեկույցները: Սակայն, երբ հարցուպատասխանի ժամանակ բոլոր հարցերը Հոկտեմբերի 27-ի մասին էին, հասկացա, որ այդ դեպքի բացահայտման ամբողջ խորքային ու քաղաքական իմաստը մեր ժողովուրդն ամբողջությամբ հասկանում է: Ո՞վ է ասել, որ այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը ոչինչ չի արել այդ դեպքը բացահայտելու համար:
Եկեք խոսենք ոչ թե արված կամ չարված քայլերի մասին, այլ խոսենք այն հնարավոր ազդակների մասին, որը կլինի այն նոր հանգամանքը, և որը նախաքննական մարմնին հնարավորություն կտա սկսել գործընթացը:
Մեկ տարի է՝ Արամ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը խոսում են Մեղրիի տարբերակի մասին: Թե Հոկտեմբերի 27-ն ինչի արդյունքում է եղել՝ ամբողջական ուսումնասիրված չէ: Որովհետև այդ դեպքի հետ կապված՝ հիշում եք դատավարական գործընթացը, ամեն ինչ արվեց Ռոբերտ Քոչարյանի և իր իշխանության կողմից, որպեսզի դատաքաննության ընթացքում հիմնական վկաները չհայտնվեն դատավարական դահլիճում, և դատավոր Ուզունյանը վաղ թե ուշ պետք է այդ հարցի պատասխանը տա, թե իրեն ով էր պարտադրում, որպեսզի նման որոշում կայացնի:
Ռոբերտ Քոչարյանը շատ ասելիքներ պետք է ունենա, քանի որ իր հուշերում էլ է նշում, որ նախագահականում հանդիպել է ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ և այնտեղ հրավիրել է նաև Վազգեն Սարգսյանին, որին համոզել է, որ չարժե այդ օրը գնալ Ազգային ժողով: Այս ամենը մի քիչ այլ կոնտեքստում եմ տեսնում, ինչը նշանակում է, որ նոր հանգամանքներ ի հայտ գալու պարագայում քննչական մարմինը պետք է շատ հարցերի ուսումնասիրության հնարավորություն ունենա, որից իրեն զրկել են 20 տարի առաջ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան